Related imageԻրանի գործող նախագահ Հասան Ռոհանին հաղթել է ընտրություններում ու վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Իրանի ՆԳՆ-ն։
Իրանի նախագահի վերընտրությունը սպասված էր, սակայն իրանական հասարակության զգալի հատվածն էլ իր ձայնը տվել է Ռոհանիի հակառակորդ պահպանողական թեկնածուին, ինչը խոսում է այն մասին, որ Իրանի ապագա նախագահն իր արտաքին քաղաքականությունում պետք է հանդես գա ավելի կոշտ դիրքերից: Էլեկտորատի մի մասը ցանկանում էր տեսնել ավելի աջ թեկնածուի, իսկ ներքին քաղաքականությունում հատկապես տնտեսական բաղադրիչը դառնալու է Ռոհանիի ուղենիշային, առանցքային թեման` սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, ակնկալվում էր բոլոր իրանցիների կողմից։

Արտաքին քաղաքականությունում Ռոհանին հանդես է գալու ավելի կոշտ դիրքերից, հատկապես Մերձավոր Արևելքում, քանի որ Թրամփի վարչակազմի բազեները ստեղծում են հակաիրանական կոալիցիա, արաբական ՆԱՏՕ, ի դեմս Ծոցի երկրների, որը գլխավորելու է Սաուդյան Արաբիան։
Իսրայելի հետ նույնպես Վաշինգտոնն ավելի է սերտացնելու կապերը և այդ երկրի միջոցով փորձելու թուլացնել «շիայական առանցքը»` Սիրիան, Լիբանանը, իսկ Իրաքում գործելու է Թուրքիայի ու Քաթարի, Սաուդյան Արաբիայի «ձեռքերով», որոնք աջակցելու են Իրաքում սունիական խմբավորումներին` ի հակակշիռ շիայական, իրանամետ ուժերի ու Բաղդադի «շիական լոբբիի»։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Ռոհանին շարունակելու է հավասարակշռված քաղաքականությունը։ Ադրբեջանի հետ զարգանալու են էներգետիկ-տրանսպորտային, տնտեսական նախագծերը, իսկ ՀՀ-ն դիտարկվելու է որպես Իրանի բարեկամ, ռազմավարական դաշնակից։ Դա, սակայն, պետք է ամրապնդվի տնտեսական, էներգետիկ մի շարք նախագծերի` Հյուսիս-Հարավ, Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցք, Սյունիք ազատ տնտեսական գոտու և այլ նախագծերով։

Ղարաբաղյան հարցում Թեհրանը շարունակելու է հավասարակշռված դիրքորոշումը`խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու և իր սահմանների երկայնքով պատերազմ թույլ չտալու տրամաբանության շրջանակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել