Armenpress.am-ը գրում է.

Ժամանակն է՝ Արցախի ժողովրդին տալ խաղաղություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից «Անվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում» թեմայով կազմակերպված կլոր սեղան-քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱՊՀ երկրների  ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:

«Դժվար է կառուցել պետականությունը զինված հակամարտության պայմաններում, որը, ցավոք, սրվում է: Ես Լեռնային Ղարաբաղում եմ  եղել 2014 թվականի օգոստոսին՝ հենց այն ժամանակահատվածում, երբ իրադրությունը լարված էր:  Եղել եմ այնտեղ նաև այս տարի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, ու մենք միասին այնտեղ էինք, որտեղ վերաբնակեցվել էին թալիշցիները: Այս ամենը խոսում է այն մասին, որ պատերազմ եղել է եւ կարող է լինել, և այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացնում է կարևոր որոշում՝ փոփոխելով սահմանադրությունը, անցում կատարելով կա ռավարման նախագահական համակարգի՝ ի տարբերություն խորհրդարանականի, որը ձևավորվել է Հայաստանում: Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում եմ եղել, կարող եմ ասել, որ ժողովուրդը հստակ տրամադրված է այս հողը չլքելուն: Նրանք ամեն ինչ ունեն, տարբեր ռեսուրսներ, նրանց պակասում է միայն խաղաղությունը»,-ասաց նա:


Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ սխալ էր Լեռնային Ղարաբաղին դուրս թողնել բանակցային գործընթացից, ինչն ամրագրված էր 1994-1995 թվականին կնքված համաձայնագրում:


«Ես հանդիպել եմ ԼՂ ղեկավարության ներկայացուցիչների հետ. կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի բախտը բերել է՝ ղեկավարության հարցում: Շատ ընկերներ ունեմ այնտեղ, ինձ համար հաճելի է հաղորդակցվել ժողովրդի հետ: Հակամարտության շատ ու շատ կիզակետերում եմ եղել, կարող եմ ասել, որ այստեղի ժողովուրդը ոչնչով չի տարբերվում նրանցից, ովքեր օրինակ, Սիրիայում են պայքարում: Նրանք այն մարդիկ են, ովքեր ոչ միայն պատրաստ են դիմանալ այդ կոշտ ճնշմանը,  այլև ունեն սեփական տարածքի պաշտպանության սուր զգացողություն, մի տարածքի, որտեղ ապրել են նրանց նախնիները, և որը պատրաստ են պաշտպանել ցանկացած թշնամուց»,-ընդգծեց Վլադիմիր Եվսեևը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել