«Ազգային ժողովի պատգամավորները շարունակում են պայքարը VIP սենյակների համար: Ոչ միայն նորերը, այլև հներն են փորձում ավելի հարմար սենյակներ ձեռք գցել: Հիմնական պայքարը ընդունարանով սենյակների համար է, որոնք քիչ են: Հիմնականում մեկ սենյակից կազմված առանձնասենյակներ են, որտեղ պատգամավորն ու օգնականը պետք է միասին նստեն: Երկու օր է՝ ընդունարանով, հարմարավետ սենյակի փնտրտուքների մեջ է նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: ԱԺ-ում, մեր տեղեկություններով, մեկ այդպիսի սենյակ է մնացել՝ Գարեգին Նուշիկյանի նախկին աշխատասենյակը, որն ունի ընդունարան: Մեծ ընդունարանին կից երեք սենյակ կա, երկուսում նստում են ԱԺ աշխատակազմից պաշտոնյաները, մեկում՝ Նուշիկյանն էր նստում: Իսկ օգնականները՝ միասին, ընդունարանում էին տեղավորվել: Երեկվա դրությամբ այդ սենյակը խոստացել էին տալ Տարոն Մարգարյանի աներորդուն՝ Ռոբերտ Սարգսյանին, ով նախորդ ԱԺ-ում նոր մասնաշենքի փոքր, մեկ սենյականոց կաբինետում էր նստում, այժմ որոշել է բարելավել իր «բնակարանային պայմանները»: Բայց բախտը չբերեց: Երեկ Արա Սաղաթելյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո բավականին փոփոխություններ եղան: Օրվա վերջում տեղեկացանք, որ Նուշիկյանի աշխատասենյակը որոշել են տրամադրել նախկին ոստիկանապետին: «Ցույց տվել են, տարան, առաջարկեցին, բայց վաղը կորոշեմ, դեռ չեմ որոշել: Ում ուզում են, թող տան, վաղը կերևա, էնքան, որ մի տեղ նստեմ... ես տենց կաբինետի կարոտ չեմ, ովքեր ուզում են, թող իրենք վերցնեն: Ինձ տենց առանձնապես արդեն չի հրապուրում... մի տեղ կվերցնեմ, կնստեմ, էլի»,-մեզ հետ զրույցում հոգնած ասաց Ալիկ Սարգսյանը: Նա մտադիր է օրենսդրական ակտիվ աշխատանքով զբաղվել՝ չդառնալ նիստերին կես ժամով ԱԺ եկողներից, դրա համար ցանկանում է առանձին ընդունարանով սենյակ, ի վերջո, «ողջ օրն այստեղ է անցկացնելու»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել