«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ 4 մարզերում 257 աղբավայր է փակվելYerkir.am-ը գրում է.
 Մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացավ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստում ներկայացվեցին առ այսօր կատարված աշխատանքները, քննարկվեցին աղբահանության, վարչարարական մեխանիզմների գործադրման և ակնկալվող արդյունքների վերաբերյալ հարցեր:

Նշենք, որ մայիսի 19-ի դրությամբ ՀՀ Արմավիրի մարզում 171 արձանագրված աղբավայրերից արդեն իսկ փակվել են 20-ը, Արարատի մարզում 261-ից 170-ը, Շիրակի մարզում 337-ից 31-ը, Կոտայքի մարզում՝ 184-ից 36-ը:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, խոսելով հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին, ասաց. «Նախաձեռնության հրապարակման առաջին իսկ պահից, երբ վարչապետ Կարեն Կարապետյանն այն հնչեցրեց, մեր քաղաքացիական հասարակությունը, տարբեր ստրուկտուրաներ՝ հանրային և հասարակական դաշտում շատ արագ արձագանքեցին, և մենք հիմա ունենք ակտիվ աշխատող և այդ հարցերը քննարկելու հարթակ»: Փոխնախարարի խոսքով՝ իրենք պետք է բնակչության հետ ակտիվ կապ պահպանեն՝ այդ գործընթացը պատշաճ մակարդակի վրա պահելու համար:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ, հանձնաժողովի քարտուղար Արտաշես Բախշյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ բոլոր մարզային հանձնաժողովները ստեղծված են, որոնք իրենց ժամանակացույցով աշխատանքներն իրականացրել են և արդյունքները ներկայացրել են միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով: «Ընդհանուր առմամբ մոնիտորինգի է ենթարկվել բոլոր համայնքների բյուջեները և հանրապետության 791 համայնքից ավելի քան 480-ն ունեն աղբահանության ծախսային հոդվածներ ամենատարբեր չափերի: Ընդհանուր առմամբ այդ թիվը համայնքներում կազմում է մոտավորապես 4 մլրդ դրամ: Բացի դրանից, բոլոր մարզային հանձնաժողովները տիրապետում են Google Earth-ի միջավայրում մեր կազմած աղբանոցների քարտեզներին և աշխատանքներ են կազմակերպում համաձայն այդ քարտեզների և ընթացիկ շաբաթվանից սկսած արդեն սկսել են զեկուցումները՝ որտեղ քանի աղբանոց է փակված, մաքրված կամ տեղափոխված: Զուգահեռ իրականացնում են հատկորոշման խնդիրները աղբավայրերում, որտեղ որ պետք է տեղափոխվեն մարզում առաջացած աղբը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ իրենց ակնկալածից լավ արդյունքներ ունեն: «Ունենք որոշակի առաջընթաց նաև տուգանքների նշանակման բնագավառում: Ունենք հավաքագրված գործիքներ, թե տուգանքների նշանակման համար ինչքան իրավական փաստաթղթեր են անհրաժեշտ, այս առումով պատրաստում ենք փաթեթ այս վարչական ակտերն անբեկանելի դարձնելու համար»,-ասաց նա: Քննարկման ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձավ սահմանված վայրերից դուրս աղբ նետելու համար նախատեսված տուգանքներին և վարչարարական նոր մեխանիզմների մշակմանը: Նրա խոսքով՝ ներկայումս վարչական վարույթ հարուցելու բեռը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա և որ քննարկվում է այդ լիազորությունները դարձյալ ոստիկանությանը տալու հարցը:

Ըստ նրա՝ առաջարկվում է՝ սահմանված վայրից դուրս աղբ նետողներին առաջին անգամ նախազգուշացնել, իսկ նույն արարքը կրնելու դեպքում՝ նրանց նկատմամբ տուգանք կկիրառել: Քննարկման մասնակիցները, սակայն կարծիք հայտնեցին որ տուգանքների չափերը պետք է մեծացվեն և խստացնեն, քանի որ , եթե կիրառվում է նախազգուշացում՝ հսկողությունը թուլանում է:

Արարատի մարզպետի տեղակալ, Արարատի «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային հանձնաժողովի ղեկավար Հայրապետ Բաբայանը ներկայացրեց Արարատի մարզում կիրառված աղբահանության փորձը:

Նշենք, որ այս մարզում 262 արձանագրված աղբանոցից լիկվիդացվել է 162-ը: Բաբայանի խոսքով՝ Արարատի մարզում ներկայումս 35 աղբավայր կա և իրենց նպատակն է այն հասցնել գոնե 10-ի: Նրա խոսքով՝ աղբահանությունը համայնքների համար ծախսատար է եղել և այն շարունակելու համար հետագայում միջոցներ պետք կգան: «Փորձում ենք իրազեկել քաղաքացիներին, որ աղբ թափելու համար հնարավոր է տուգանվեն, համապատասխան ցուցանակներ ենք տեղադրում և այլն»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել