Ադրբեջանի զինուժը, վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր սրելով իրավիճակը և դիմելով տարբեր սադրանքների, այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության: ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ: Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի ճամբարում կա՛մ անձնակազմը չի տիրապետում իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ բացակայում է ուղղահայաց կառավարումը, և ցանկացած հրամանատար առաջնագծում իրեն թույլ է տալիս գործողություն իրականացնելու որոշում ընդունել, կա՛մ էլ հակառակ դեպքում նման ստոր քայլերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար: ԱՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում հայկական կողմը հավատարիմ է մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և որևէ գործողություն, առավել ևս՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից, չի իրականացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել