Ժամանակ առ ժամանակ տարբեր շրջանակներից բողոքներ են լսվում Հայաստանում տիրող հոգեբանական մթնոլորտի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ գրեթե բոլորը զգում են երկրում առկա ծանր, ճնշող հոգեբանական մթնոլորտը, որն արտահայտվում է մեքենաների նյարդային ազդանշանների տեսքով, մեծ կուտակումներ ունեցող վայրերում առկա լարվածությամբ, սոցիալական ցանցերի «բողոքականությամբ», «երկիրը երկիր չի» թեզի տարածվածությամբ, ամեն ինչի մեջ բացասականը տեսնելու ձգտումով և այլ ձևերով:

Երկրում առկա բացասական հոգեբանական մթնոլորտի պատճառները կարող են տարբեր լինել՝ սոցիալական անարդարություն, ապագայի նկատմամբ կայուն տեսլականի բացակայություն, ապագայի կանխատեսելիության անհնարինություն, հեռուստասերիալների հաղորդած բացասական, ագրեսիվ զգացմունքայնություն, Երևանի մթնոլորտի աղտոտվածությունն ու աղմուկը (աղմուկն ու աղտոտված մթնոլորտը բնական սթրեսածին գործոններ են), տնտեսական ծանր դրությունը և այլն:
Վերոնշյալ բոլոր գործոններն, անշուշտ, Հայաստանի բացասական հոգեբանական մթնոլորտի համար իրենց ծանրակշիռ դերն ունեն և կարիք ունեն առանձին ուսումնասիրությունների, սակայն, կարծում ենք, բացասական հոգեբանական մթնոլորտի առկայության համար ամենակարևոր նշանակություն ունի ներկա «հայկական ճնշված ինքնությունը»:

Անձը հոգեբանական կայունության համար միշտ կարիք ունի իրեն զգալ «մենք»-ի մաս: Այդ «մենքը» կարող է լինել փոքր (կուսակցություններ, կրոնական կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ և այլն) և մեծ խմբերի տեսքով (ազգ, էթնոս, մշակույթ): Նմանատիպ խմբերին անդամակցելն անձի կյանքի կարևորագույն հենասյուներից է: Ի տարբերություն մեծ խմբերի՝ փոքր խմբերն ունեն մի շարք թերություններ: Փոքր խմբերը պարբերաբար փոփոխություններ են կրում՝ կազմի, գործունեության, գաղափարների և այլնի տեսքով, ինչի արդյունքում այդ խմբի անդամների հոգեբանական կայունության ձգտումը կարող է խաթարվել:

Պատկերն այլ է էթնիկական, մեծ խմբին անդամակցության պարագայում: Էթնոսը կայուն խումբ է, այս դեպքում բնորոշիչները փոխանցվում են սերնդեսերունդ, և էթնիկական խմբի անդամին չի կարելի «դուրս մղել» էթնոսի կազմից: Այդ բնորոշիչների հաշվին էթնոսն անհատի համար ամենակայուն հոգեբանական հենարանի է վերածվում:

Համակարգային անկայունության պայմաններում, ինչպիսին Հայաստանում է, սկսած 1980-ական թվականների կեսերից, խաթարվում են նաև էթնիկական ինքնության մասին պատկերացումներն, ու մարդիկ կայունություն են փնտրում տարբեր ենթամշակույթներում, կրոնական կազմակերպություններում և այլ նմանատիպ կառույցներում: Անկայունության շրջանում կորում է արժեքային կայունությունը, ինչի արդյունքում սկսում են վարկաբեկվել նախկին արժեքային սիմվոլները, և եթե դրան զուգահեռ համարժեք փոփոխություն չի լինում, առաջանում է արժեքային անկում և ճնշված ինքնություն:

«Ճնշված ինքնությունն» այլ կերպ կարելի է անվանել նաև էթնիկական խմբի, ազգի ցածր ինքնագնահատական: «Ճնշված ինքնությունը» փակ շրջանակ է: Երբ խումբը պատմաքաղաքական գործոնների փոփոխության արդյունքում հայտնվում է նմանատիպ իրավիճակում, հետագայում ինքնուրույն սկսում է խորացնել ինքնության վարկաբեկման գոծընթացը:

Ցանկացած էթնիկական խումբ ունի արժեքային սիմվոլներ, որոնց հետ իրենց նույնացնում են խմբի անդամները, ինչը խմբին միավորող գործոն է: Ճնշված ինքնության պայմաններում նման սիմվոլմերն արժեզրկվում են, որի արդյունքում թուլանում է նաև խմբային միավորվածությունը: Իսկ եթե նախկին սիմվոլների արժեսզրկումը չի ընթանում նոր, նախիկնին համարժեք սիմվոլների ստեղծմամբ՝ էթնիկական խմբի անդամները չեն կարողանում դրական նույնացում ունենալ: Արդյունքում ընկնում է խմբի ինքնագնահատականը և առաջանում է «ճնշված ինքնություն»: Այսպիսով մի կողմից ունենում ենք խմբի թերագնահատում՝ «որտեղ հայ, էնտեղ վայ», «երկիրը երկիր չի», «հայ է, մի խարդախություն պտի անի» և այլն, մյուս կողմից էլ գերագնահատում: Վերջինս արտահայտվում է ծայրաստիճան ինքնակենտրոնությամբ, երբ ամենուր փնտրում են հայկական ծագում, գերագնահատում են հայկական գործիչներին, հեթանոսություն են ընդունում և այլն:

Վերոնշյալ երկու տարբերակն էլ առողջ գործընթացներ չեն և չեն կարող դրական հետևանքներ ունենալ: Հայաստանում ճնշված ինքնության արդյունքում գերազանց մեծամասնության դեպքերում առաջանում է համընդհանուր ինքնագնահատականի անկում (խոսքն ազգային ինքնագնահատականի մասին է), ինչը և համընդհանուր հիասթափեցնող մթնոլորտի հիմնավոր պատճառներից մեկն է:
Ինչո՞ւ ենք ճնշված ինքնությունը դիտարկում որպես բացասական հոգեբանական մթնոլորտի ձևավորման հիմնական պատճառ, երբ կա տնտեսական անկումը, անարդարության մթնոլորտը, անկայուն ապագայի մասին պատկերացումները և այլն: Որովհետև, եթե կա բարձր ինքնագնահատական, ապա տնեսության անկումը, անարդարության մթնոլորտը ոչ թե հիասթափություն, այլ պայքարելու, շտկելու ձգտում են առաջացնում, իսկ ցածր ինքնագնահատականի պայմաններում այդ գործոնները համընդհանուր հիասթափության, բացասական, նեգատիվ մթնոլորտի պատճառ են դառնում:

Ո՞րն է ելքը: Ձևավորել ճնշված ազգային ինքնությունը վերականգնող, ազգային ինքնագնահատականը բարձրացնող արժեքային համակարգ: Հեծանիվ հայտնաբերել պետք չէ: Մեր էթնիկական խումբը՝ հայերը, ունեն բազմաթիվ պատմական դեպքեր ու սիմվոլներ, որոնք, եթե որպես արժեք ներկայացվեն, էթնիկական խմբի անդամների միջև դրական նույնացում կառաջանա, կբարձրանա ազգային ինքնագնահատականն ու կթուլանա երկրում առկա բացասական հոգեբանական մթնոլորտը:
Ազգային ինքնագնահատականը բարձրացնող արժեքները, սիմվոլները պետք է ներկայացնել ոչ թե հատուկ ծրագրերի կամ «Զինուժի» նման պաթետիկ սովետական քարոզչության ոճով, որը գրեթե զրոյական արդյունավետություն ունի, այլ այն պետք է առկա լինի բոլոր մեդիաներում ու բոլոր ժանրերում: Այդ արժեքները պետք է ընդունվեն քաղաքական էլիտայի կողմից, ընդունվեն ոչ այնպես, ինչպես ընդունվում է նժդեհականությունը հանրապետականների մոտ՝ ձևական ու պաթետիկ, այլ ընդունվեն որպես գործունեության ու կառավարման հիմք:

Ամեն ինչ, նույնիսկ քաղաքական արժեհամակարգի փոփոխությունը կարող է սկսվել մեդիաներից, երբ վերջիններս սկսեն ներկա քաղաքականության փոխարեն ներկայացնել ազգային ինքնագնահատականը, հպարտությունը բարձրացնող մեդիաարտադրանք:

Վահրամ Միրաքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել