Картинки по запросу արա բաբլոյանԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված Արա Բաբլոյանի նշանակումն իսկապես անակնկալ էր ոչ միայն հանրության, այլև հենց իր՝ Բաբլոյանի համար։ Անշուշտ, որոշման մասին Բաբլոյանը տեղեկացել էր շատ ավելի վաղ, քան կուսակիցներն ու, առավել ևս, ընդդիմությունը, սակայն հասկանանք, թե ինչքանով նրա նշանակումը կարող է նպաստել գալիք Պառլամենտի արդյունավետ աշխատանքին։ Անշուշտ, առաջին բանը, որ բացասական իմաստով ուշադրություն է գրավում, Բաբլոյանի տարիքն է, որն անցել է յոթանասունից։ Տրամաբանությունը հուշում էր, որ Պառլամենտը վերջին հինգ տարիներին մշտապես ուրախ պահող Գալուստ Սահակյանին փոխարինելու կգա երիտասարդ քաղաքական գործիչ։ Ի տարբերություն Սահակյանի՝ Բաբլոյանը ավելի զուսպ մարդ է ու միգուցե ավելի լավ լեզու գտնի ընդդիմադիր խմբակցությունների հետ, քան Սահակյանը։ Համենայն դեպս, իր բացման խոսքում ԱԺ նոր ընտրված խոսնակը հենց դա էլ հայտարարեց։ Պառլամենտի որակը, ինչպես նշեցինք, էապես փոփոխության չի ենթարկվել՝ բացի նրանից, որ մի փոքր քչացել են մականունավորներն ու իշխանության համար առիթից առիթ դժվարություններ ստեղծող մարդիկ։ Այդ առումով ՀՀԿ-ն փոքր-ինչ կարող է հանգիստ լինել։ Նոր Պառլամենտում էլ ռադիկալ հռետորների պակասը կփորձեն լրացնել արդեն «ԵԼՔ»-ի պատգամավորները, իսկ թե ինչքանով դրա տակից դուրս կգա Բաբլոյանը, մնում է գուշակությունների ժանրում։ Համենայն դեպս, իր բնավորությամբ ավելի կառուցողական ու փորձառու այս գործիչը կփորձի, իհարկե, մարդկային հարաբերությունների հաշվին հնարավորինս հեռու պահել ՀՀԿ-ին հարվածների տակ հայտնվելուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել