Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել.  Իր և դստեր նկատմամբ բռնություն է գործադրվելPanARMENIAN.Net-ը գրում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ հանցագործություն կատարելու փաստերի առիթով քրեական գործ անհապաղ հարուցելու պահանջով:

Պահանջվում է քրգործ հարուցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով` այն է խոշտանգումը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, հանցագործության պարտակումը, ապօրինի որոշում կայացնելը և անձին ապօրինի ազատությունից զրկելը, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտելը, մարմնական վնասվածքներ պատճառելը, ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:

Պահանջվում է Զարուհի Փոստանջյանին և դստերը՝ Լիլիթ Դրամփյանին, ճանաչել տուժող:

Նշվում է, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանին Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի հրահանգով պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք` դիտավորություն ունենալով պարտակել լայնածավալ ընտրակեղծարարությունը և աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` շարունակել բռնազավթել իշխանությունը:

Ընդգծվում է, որ այս գործողությունը կատարվել է մի խումբ ոստիկանների կողմից Փոստանջյանի և Դրամփյանի նկատմամբ իրենց ծառայողական և հասարակական պարտականությունները կատարելու ժամանակ` լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի մասին ահազանգելու, դրանց տեղը մատնանշելու և զննությամբ դրանք արձանագրելու պահանջի ընթացքում առաջացրել ծանր հետևանքներ` Փոստանջյանը և Դրամփյանը ստացել են մարմնական վնասվածքներ, Փոստանջյանը ստացել է սալջարդեր և արյունազեղումներ, դիմել է ամբուլատոր բուժօգնության, իսկ Դրամփյանը ստացել է սալջարդեր և ուղեղի ցնցում ու հոսպիտալացվել է:

Այս պահին գտնվում են բժշկական հսկողության տակ: Բռնության տեսարանը հեռարձակվել է ուղիղ եթերով մի քանի լրատավամիջոցներով ժամը 13:30-ի սահմաններում:

Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների օրինականությանը հետևելու` «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանը ահազանգ ստանալով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում առկա են լայնածավալ ընտրակեղծարարության փաստեր, շրջայցերի միջոցով փորձել են կանխել հանցագործությունը:

Զարուհի Փոստանջյանը, հանդիսանալով օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, դիմել է ոստիկանության աշխատակիցներին և պահանջել կատարել զննություն` հայտնաբերելու լայնածավալ կեղծարարության փաստերը:

Դիմումի մեջ ասված է, որ Զարուհի Փոստանջյանի` օրենսդիր իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, տեղի է ունեցել բռնության գործադրում ոստիկանության աշխատակիցների կողմից` կապված իր ծառայողական պարտականությունների հետ, նա ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հանցագործության կատարման վերաբերյալ փաստեր ու միջոցներ և պահանջել կանխել լայնածավալ ընտրակեղծարարությունը (մատնանշված տեղում հանցագործության վերաբերյալ փաստերը զննությամբ արձանագրելու), սակայն ծանր հանցագործության կատարման կանխման փոխարեն նրա նկատմամբ կիրառվել է բռնություն:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները ոստիկանապետի ապօրինի կայացրած որոշման արդյունքում (անձեռնմխելի անձին բերման ենթարկելու որոշում), Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին զրկել են ազատությունից, ապօրինաբար սահմանափակվել է ազատ տեղաշարժվելու իրավունքը: Զարուհի Փոստանջյանին բռնության գործադրմամբ ցանկացել են մտցնել ավտոմեքենա և տեղափոխել ոստիկանության բաժին, Լիլիթ Դրամփյանին բռնությամբ զրկել են ազատությունից և մտցրել ոստիկանական մեքենա և տեղափոխել ոստիկանական բաժին:

Այս արարքն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ` ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, ինչպես նաև ապօրինի որոշում կայացնելը անձեռնմխելի անձին բերման ենթարկելու վերաբերյալ, որը սահմանափկել է անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նշված հանցակազմը դասվում է արդարադատության դեմ ուղղված հանցագործության շարքին», - ասված է Փոստանջյանի դիմումի մեջ:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, անցնելով իրենց լիազորությունները, խախտել են Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի իրավունքներն ու ազատությունները` կապված նրանց սեռից, սոցիալական ծագումից, աշխարհայացքից, քաղաքական հայացքներից, ինչը վնաս է պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել