Image result for ԷրդողանԹուրքական համագործակցության և կորդինացիայի գործակալությունը (TİKA) վերջին տարիներին Բալկանյան տարածաշրջանում վերականգնել է ավելի քան 50 մզկիթներ, կամուրջներ և այկ կառույցներ, որոնք վերաբերում են Օսմանյան կայսրության դարաշրջանին։
TİKA-ն Բալկաններում տարեկան իրականացնում է 25-50 ծրագիր։ Բալկաններում այսօր գործում է TIKA-ի 11 ներկայացուցչություն։

Օսմանյան կայսրությունը դարեր շարունակ իր ազդեցության տակ էր պահում Բալկանյան թերակղզին, և այժմ արդի Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Բալկանները առանձնահատուկ տեղ է գրավում, ինչի մասին նշել էր Ահմեդ Դավութօղլուն, ով ԱԳ նախարարի պաշտոնում նեոօսմանականությունը հռչակել էր Անկարայի արտաքին քաղաքական առաջնահերթություն:
Բալկաններում իր ազդեցությունը մեծացնելու համար Անկարան հենվում է հիմնականում մահմեդական երկրների՝ Բոսնիայի, Ալբանիայի, Կոսովոյի վրա, ինչպես նաև օգտագործում Բալկաններում բնակվող թուրքական գործոնը: Թուրքական աղբյուրները Բալկաններում թուրքերի թիվը գնահատում են 1 միլիոնի սահմաններում, իսկ այսօրվա Թուրքիայի բնակչության 16-20 միլիոնը ունեն բալկանյան ծագում:

Թուրքիան իր բալկանյան քաղաքականության մեջ շեշտը դնում է Ալբանիայի հետ մերձեցմանը և Տիրանայում ու Անկարայում երկկողմ հարաբերությունները համարում են ռազմավարական: Հունաստանի հետ սահմանակցող և տարածքային վեճեր ունեցող Ալբանիան Անկարայի համար կարող է ծառայել որպես Հունաստանի վրա ազդելու և այդ երկիրը նաև արևմուտքից «շրջափակելու» գործոն:

2000-ական թթ.-ից սկսած՝ թուրք պաշտոնյաները ակտիվացրեցին Անկարայի արտաքին քաղաքականության բալկանյան բաղադրիչը: 2009թ.-ից սկսած՝ Բալկաններ և հատկապես Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա ու Կոսովո են այցելել Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը և բազմաթիվ գործարարներ:

Բալկաններում Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ին անդամ ու ԱՄՆ-ի դաշնակից, գործելու է ՌԴ-ի դեմ` Բալկաններում, ուղղափառ, սլավոնական երկրների վրա Մոսկվայի ազդեցության չեզոքացման ուղղությամբ։ Բալկաններում ամերիկյան, ՆԱՏՕ-կան ներկայության ավելացումն բխում է թե՛ Արևմուտքի, թե՛ Անկարայի շահերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել