Կոստանյանն ԱԺ-ում կմնաԱյսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր են տեղի ունենում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Այստեղ ժամանեց նաև նորընտիր պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Լրագրողները հարցրեցին նրան, թե ինչպես է աշխատելու ԱԺ-ում: «Կյանքիս մեջ առաջին անգամ եմ մտնում եմ էս շենք, հիմա դուք ինձ հարցեր եք տալիս»,-նախ ասաց նա, հետո նշեց, որ շատ լավ է պատկերացնում իր օրենսդիր գործունեությունը, և օրենսդրական նախաձեռնությամբ շատ է հանդես եկել նախկինում: Նա նշեց, որ հանձնաժողովների նախագահների պաշտոնի հարց իր հետ դեռևս չի քննարկվել:

«Հանձնաժողովների նախագահների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, իսկ պատգամավորի գործունեությունը կարող է սահմանափակվել բացառապես օրենսդիր մասնագիտական գործունեությամբ, և դա ինձ շատ է բավականացնում»,- ասաց Գևորգ Կոստանյանը` հավելելով, որ գործադիր մարմնում պաշտոն զբաղեցնելու մասին երկար ժամանակ է` չի մտածել, և դժվար թե այսուհետ մտածի:

«Պաշտոնի բարձրությամբ չի որոշվում գործունեության արդյունավետությունը, որովհետև ցանկացած մարդ ցանկացած պաշտոն կարող է արժեզրկել և հակառակը: Հետևաբար ես իմ կենսագրության ընթացքում չեմ մտածել պաշտոնի բարձրության մասին: Ես արդյունավետ գործունեության կողմնակից եմ, ոչ թե պաշտոնի բարձրության չափման»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել