Araratnews.am-ը գրում է.

arman

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում,«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», ինչպես նաև «Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր՝ համապատասխան հիմնավորումներով:

Նախագծերն ուղղված են ազատությունից զրկված անձանց կապի ամրապնդմանը մերձավոր ազգականների հետ, քրեակատարողական հիմնարկում նրանց վիճակի բարելավմանը:

Այդ հարցերը տեղ են գտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում, ինչպես նաև քննարկվել են Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդում:

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է.

·      ազատազրկման դատապարտված և կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելու հիմքում դնել ոչ թե անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանը, այլ հաշվի առնել վերջինիս անհատական վարքագիծը և ռիսկայնությունը,

·      կալանավորված անձանց համար նախատեսել երկարատև տեսակցության հնարավորություն,

·      մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակով նախատեսել դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու օրենսդրական հիմք,

·      առանց խնամքի մնացած երեխա ունեցող դատապարտյալի համար նախատեսել կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորություն՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով,

·      ժամանակավոր վկայական ստանալու հնարավորություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված անձանց համար,

·      քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքի հիման վրա վերցված ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրելու պարտականություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված և ձերբակալված անձանց համար:

Վերոնշյալ նախագծերը և դրանց հիմնավորումները ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախագծերը կարծիքի կուղարկվեն նաև համապատասխան իրավապաշտպան կազմակերպություններին:

Ստացած կարծիքները կքննարկվեն բոլոր շահագրգիռ մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել