Ըստ մերձավորարևելյան որոշ լրատվամիջոցների՝ մայիսի 14-ի կեսօրին ամերիկյան և բրիտանական հատուկ նշանակության ուժերը (շուրջ 150 զինծառայող), սիրիական ընդդիմադիր «Հեղափոխության պահապանների բանակ» (ՍԱԲ-ի ճյուղավորումներից) խմբավորման զինյալների շարքերում, զրահատեխնիկայի ավտոշարասյունով Ալ-Թանֆ սահմանային անցակետում հատել են հորդանանասիրիական սահմանը և մուտք գործել Սիրիայի հարավարևելյան շրջաններ: Գործողության նպատակն է՝ կանխել սիրիական բանակի հնարավոր առաջխաղացումը, ինչպես նաև վերահսկել Դամասկոս-Բաղդադ մայրուղին, որը մինչև ԻՊ-ի կողմից Սիրիայի արևելյան հատվածի գրավումը ծառայել է որպես Իրանի կողմից Բաշար ալ-Ասադի վարչակարգին սպառազինություն տրամադրելու առանցքային ցամաքային ուղին:

Նշվում է, որ այս մանևրն իրականացվել է անցած օրերին սիրիական կառավարական ուժերի կողմից Բաղդադից 110 կմ արևմուտք գտնվող ռազմավարական նշանակության Սաբիա Բիար բնակավայրի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ի պատասխան, ինչը հնարավոր էր դարձել ԻՊ-ի զինյալների կողմից շրջանից հեռանալու արդյունքում: Այս շրջանի վերահսկողությունը հնարավորություն է ընձեռում սիրիական կառավարությանը՝ վերահսկելու Իրաքի և Հորդանանի հետ սահմանային անցումների զգալի մասը, հետևաբար շրջանում հարաբերական հավասարակշռության վերականգնումը բավական կարևոր է:

Պետք է նշել, որ վերոնշյալ մանևրային գործողությունները կարևոր են նաև Ռուսաստանի առաջարկով Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելուն միտված ծրագրի առարկայացմանն ընդառաջ, քանի որ հարավային գոտու մի զգալի հատվածը ներառում է նաև հորդանանասիրիական սահմանային շրջանները, որոնց վերահսկողությունն, ի դեպ, ծրագրվում է հանձնել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել