Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ադրբեջանի հերթական սադրանքն Արցախի առաջնագծում խոսում է այն մասին, որ նրանք շարունակելու են կիրառել անօդաչու թռչող սարքերը առաջնագիծն ու օպերատիվ-ռազմավարական խորությամբ իրավիճակը վերահսկելու համար հայկական կողմից դեպի առաջնագիծ տեղաշարժվող զինտեխնիկան դառնալու է նրանց թե՛ անօդաչուների, թե՛ արդեն կառավարվող հրթիռների թիրախ։ Բաքուն զգուշանում է, որ հայկական կողմը կարող է հետ գրավել ապրիլյան Քառօրյայի ժամանակ կորցրած դիրքերն ու բարելավել առաջնագծի կոնֆիգուրացիան։ Վերջերս ադրբեջանական զորքերի տեղաշարժը, այդ թվում՝ տանկերի, այս և այլ սադրանքները տեղավորվում են մեկ լոգիկայի կամ ուղենիշի շրջանակներում։

Հայկական կողմից պատասխանը պետք է լինի ասիմետրիկ, սակայն դա էլ ունի իր հետևանքները։ Հաշվի առնելով ադրբեջանական կողմի անկանխատեսելի պահվածքը՝ ասիմետրիկ հարվածից հետո նրանք կարող են կրակ արձակել բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ` թե՛ Արցախում, թե՛ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերին։

Ադրբեջանը սադրում է` հստակ գիտակցելով, որ հայկական կողմը պատասխանելու է, ինչից հետո Ադրբեջանը սկսի «հակադարձել»՝ էլ ավելի մեծացնելով զինատեսակների տրամաչափը, քանակն ու էսկալացիան հասցնել այնպիսի մակարդակի, որ միջին մակարդակի ռազմական գործողություն ապրիլյան Քառօրյայի օրինակով միջազգային հանրությունն ընկալի որպես «ստիպված հակադարձող քայլ»։
Եթե դիտարկենք Ադրբեջանի ռազմավարությունն առաջնագծում, ապա պետք է հետհայացք գցենք այն զինանոցին, որն այժմ ունի Ադրբեջանը։

Ստոկհոլմի խաղաղության հարցերի ուսումնասիրությունների կենտրոնը(SIPRI) հրապարակել է Ադրբեջանի կողմից 2015-2016թթ.-ին գնված զենքերի ցուցակը։ Ադրբեջանին զենքերի հիմնական մատակարարողներն են Իսրայելը, ՌԴ-ը և Թուրքիան։ SIPRI-ի տվյալներով՝ նախորդ տարի Ադրբեջանն Իսրայելից գնել է OPV-62 նավեր, Orbiter-1K անօդաչու, «Барак-8» զենիթա-հրթիռային համակարգ, EL/M-2080 Green Pine հակահրթիռային համակարգի ռադարներ, LAHAT թեթև հակատանկային կառավարվող հրթիռներ, Harop անօդաչուներ, SandCat զրահամեքենաներ, Spike-NLOS ունիվերսալ հրթիռներ և այլն։ Բացի այդ՝ Ադրբեջանն Իսրայելից 2016թ.-ին պատվիրել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը։

Բաքուն նաև տարբեր զինատեսակներ է գնել ՌԴ-ից, հիմնականում՝ հարձակողական, ինչպես նաև Ուկրաինայից ու Բելառուսից։ Չմոռանանք նաև նրանց «ավագ եղբայր» Թուրքիայի ու Անկարա-Բաքու ռազմա-տեխնիկական համագործակցության մասին։
Ելնելով վերոնշյալից ու այն հանգամանքից, որ Ադրեջանն ունի սեփական ռազմա-արդյունաբերական համալիր, ժամանակ առ ժամանակ ցուցադրում է զրահամեքենաներ, սեփական արտադրությամբ Զերբե անօդաչուներ, փորձում է ինքնաբավ դառնալ արկերի և այլ զինատեսակներում, Բաքուն պատրաստվում է լայնածավալ պատերազմի, սակայն դա երկարաժամկետ ռազմավարություն է։ Մեծ պատերազմն Ադրբեջանին տնտեսապես ձեռնտու չէ, սակայն լոկալ բնույթի հյուծիչ պատերազմն նրանց մարտավարական նպատակն է լինելու։

Ինչ վերաբերվում է մարտավարական խնդիրներին, նրանք փորձում են միջին և մանր սադրանքներով «բարելավել» իրենց համար շփման գիծն ու դիրքերի կոնֆիգուրացիան, ինչպես դա եղել է ապրիլյան քառօրյայի ժամանակ։
Ադրբեջանը գնում է անօդաչուներ՝ հետախուզական ու հարվածային, կամիկաձե տիպի անօդաչուների սեփական արտադրությունն է սկսել զգալով դրանց արդյունավետությունը ապրիլին։ Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։
Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։

Ինչ վերաբերվում է Իսրայելից գնված հակատանկային զենքերին, ապա դրանք օգտագործվելու են ինչպես հարձակողական նպատակներով` Spike լազերային մարտագլխիկներով հրթիռները ունիվերսալ են` դրանք կարելի է տեղակայել ինչպես զրահապատ մեքենաների, այնպես էլ տանկերի, ուղղաթիռների ու օդանավերի վրա։
Իսկ Spike-NLOS հրթիռները թույլ են տալիս խորքից` ուղիղ տեսանելիության առումով պաշտպանված դիրքերից, հարվածներ հասցնել խրամատներին ու ինժեներական կառույցներին`դզոտ, դոտ և այլն։

Բացի այդ, տվյալ զինատեսակները կարող են օգտագործվել տանկային գրոհները խափանելու համար`այդ հակատանկային միջոցներն ու կամիկաձե/հարվածային անօդաչուներն(տեխնիկական միջոցները թույլ են տալիս մարտը վարել առցանց ռեժիմով) կարող են շարքից հանել տանկային ցանկացած գրոհ։
Ադրբեջանը փաստորեն, ըստ գնված զինատեսակների ցուցակի` շատ զինատեսակների մասին տեղեկատվությունը տեղ չի գտնում բաց աղբյուրներում, պատրաստվում է թե հարձակողական, թե պաշտպանական` հայկական կողմի Քռի ափ դուրս գալը կանխող, պատերազմական գործողություններին։

Հայկական կողմերը պետք է լրջորեն վերլուծել ռազմական առկա իրավիճակն ու ելնելով նպատակահարմարությունից ասիմետրիկ, կանխարգելիչ հարվածներ իրականացնեն, քանի դեռ սպառազինությունների մրցավազքում խախտված բալանսը չի հասել կրիտիկական մակարդակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել