ՄԻՊ-ն ընտրախախտումների մասին 73 հաղորդում է ուսումնասիրելPanARMENIAN.Net-ը գրում է.

Ժամը 14:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 4 ահազանգ, որոնք վերաբերել են քվեարկության սահմանված կարգին: Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում, բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է նաև ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած մոտ 73 հաղորդում: Հաղորդումները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում և նախընտրական շտաբերում կուտակումներին, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, ընտրատեղամասերի կահավորման, քվեարկության սահմանված ընթացակարգի հետ կապված հարցերին:

«Առերևույթ հանցագործություն պարունակող տեղեկությունները առանձնացվել են՝ քրեական հետապնդման մարմնին ուղարկելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հատկապես ուշադրությամբ է ուսումնասիրվում լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հիշեցնում ենք, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընդոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել