Image resultԿենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ արագ արձագանքում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության  ընթացքում խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հայտնելով, որ իրենք տեղյակ են բոլոր ահազանգերի մասին և ճշգրտում են անհրաժեշտ տեղեկությունները: «Պետք է նկատել, որ անգամ այս պարագայում կան հանգամանքներ, որոնց մի մասին շատ մեծ վերապահումով կարելի է փորձել խախտում որակել, կան հանգամանքներ, որոնք ստուգվում են հանձնաժողովի հետ, կան տեղամասեր, որոնց համարները սխալ են նշվում այդ հաղորդագրություններում: Ցանկացած ահազանգ, հրապարակում մանրակրկիտ ուսումնասիրության, վերլուծության առարկա է լինում»,- ասաց նա:

Անդրադառնալով ընտրական տեղամասերում չհրկիզվող պահարանների տեսանելի վայրում չլինելու մասին ահազանգերին՝  Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մի քիչ ազնիվ լինելու պարագայում պետք է ներկայացվեր ամբողջական պատկերը: Ի վերջո պարզ դարձավ, որ պահարանը, որը դուրս էր բերվել տեղամասի տեսախցիկի տեսադաշտից եղել էր պահարան, որի մեջ որևէ ընտրական փաստաթուղթ չէր պահվում, իսկ ընտրական փաստաթղթեր պարունակող պահարանը կնքված վիճակում գտնվում էր տեղամասային կենտրոնում»:

Մուկուչյանը վստահեցրեց, որ բոլոր չհրկիզվող պահարանները առավոտյան եղել են փակված, կնքված վիճակում և դրանում համոզվել են բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն ու այդ պահին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք: «Գիտեք, երբ ընդհանրապես խոսվում է որևէ հանգամանքի մասին և այն որակվում որպես ընտրախախտում, դա ոչ թե պետք է բավարարի որևէ մեկի ճաշակին, այլ ընտրախախտում կարող է համարվել միայն այն գործողությունը, որը հակասում է ընտրական օրենսգրքի պահանջներին»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել