Կոստառիկացի սիրողական լուսանկարիչը քիչ էր մնացել կյանքից զրկվեր, երբ փորձում էր բնական կենսամիջավայրում լուսանկարել կոկորդիլոսին: Անտոնիո Ռուիզն ընկերների հետ  գտնվել է երկրի արեւմուտքում գտնվող Տարկոլես գետի ափին:

Ռուիզը տեսախցիկը ձեռքին խոտերի մեջ դիրքավորվել է հենց ափեզրին եւ սպասել կոկորդիլոսի մոտենալուն՝ առավել հաջողված կադր նկարելու համար: Երեք կոկորդիլոսներ դեպի ափ են լողացել: Սակայն Անտոնիոյին հավուր պատշաճի կենտրոնանալ թույլ չեն տվել ընկերները: «Գնանք, դու խենթ ես», - անընդհատ գոչել են նրանք, գրում է  NEWSru.com-ը:

Լուսանկարիչը շրջվել է ընկերների կողմը եւ ձեռքով լուռ մնալու նշան արել: Այդ շարժումը  չափազանց անզգույշ է եղել. կոկորդիլոսը երախը բաց տառացիորեն նետվել է ջրից եւ, միանշանակ, կհարձակվեր լուսանկարչի վրա, եթե նա ժամանակին չշրջվեր եւ մի կողմ չցատկեր: Ռուիզի՝ հրաշքով փրկվելը տեսագրել է ընկերը՝ Դեւիդ Քլոուն, եւ տեղադրել YouTube-ում:

Սակայն օգտվողներին դուր չի եկել հերոսի «էքստրեմալ տրամադրությունը»: «Աշխարհի ամենահիմար մարդը», «Սա կպահեմ ապուշ արարքների իմ ընտրանում», «Կոկորդիլոսը կխեղդվեր, եթե կուլ տար նրան»,- նման անսիրալիր է եղել լսարանի արձագանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել