Related imageՉնայած նրան, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ և հերքեց ռուսաստանյան Regnum գործակալության այն տեղեկությունը, որ Արցախի իշխանությունները ցանկանում են Ստեփանակերտը և Շուշին միավորել՝ այն վերանվանելով Շուշի և հռչակել Արցախի մայրաքաղաք, Բաքվում, միևնույն է, իրարանցում է, և արդեն երկրի ԱԳՆ-ն է հանդես գալիս հայտարարությամբ:
Ալիևյան ԶԼՄ-ներից մեկի բնութագրմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ հանրաճանաչ «чушка» Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. «Հայաստանի կողմից Շուշին ԼՂՀ-ի մայրաքաղաք հռչակելը Ադրբեջանի ԱԳՆ-ն դիտում է որպես Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը անեքսիայի ենթարկելու փորձ: Դա նաև վկայում է Հայաստանի ապակառուցողական դերի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Երևանի այդպիսի գործողությունները կարող են բացասաբար ազդել հայ-ադրբեջանական հակամարտության հետագա բանակցությունների վրա»:
Հաջիևի այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ միչև հիմա ազերի պաշտոնյաների նվնվոցներն այն մասին, որ Հայաստանը գրավել է կամ, ինչպես ասում են ազերիներն, անեքսիայի է ենթարկել Արցախը, ապատեղեկատվություն է, քանի որ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի, այդ անեքսիան տեղի կունենա այն ժամանակ, երբ Շուշին հռչակվի Արցախի մայրաքաղաք: Բայց Հաջիևը չի ասել, թե իսկ մինչ այդ Արցախն ի՞նչ կարգավիճակ ունի: Երևի, ըստ Հաջիևի, այն անկախ է, բայց Շուշին մայրաքաղաք հռչակելուց հետո այն կհամարվի Հայաստանի կողմից գրավված տարածք: Պարզվում է նաև, որ մինչև հիմա բանակցություններն, ըստ Հաջիևի, շատ լավ են ընթանում, և եթե Շուշին մայրաքաղաք հռչակվի, ապա դա Բաքվի կողմից կդիտվի ապակառուցողական քայլ և կվնասի հայ-ադրբեջանական բանակցություններին:
Զարմանալի էակներ ենք մենք՝ հայերս: Հեչ չենք հասկանում մեր արևելյան հարևաններին: Պարզվում է՝ մինչև հիմա մեր մեջ ամեն ինչ լավ է եղել, իսկ մենք չենք հասկացել: Բայց ամեն ինչ կփչանա, եթե Շուշին հռչակվի Արցախի մայրաքաղաք:
Հիշեցնեմ, որ մինչ Ադրբեջանի ԱԳՆ-ի այս հայտարարությունն այս հարցի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Շուշիի քաղաքապետ․․․ չզարմանաք, Բայրամ Սաֆարովը: Սա գոյություն չունեցող ադրբեջանական «Շուշայի» քաղաքապետն է, ով, այս 25 տարիների ընթացքում Շուշիում ոտք չդնելով, ադրբեջանական բյուջեից միլիոններ է լափում՝ անգործության համար: Սույն անձն էլ մեզ սպառնացել էր միջազգային հանրությամբ:
Առաջարկում են Արցախի իշխանություններին Շուշին Արցախի մայրաքաղաք հռչակելուն ավելի լուրջ մոտենալ, քանի որ, որքան հասկանալի է, Ադրբեջանում դա ծայրահեղ ծանր են ընդունում: Շատ հաճելի է լսել Բաքվից հնչող մուղամաթային նվնվոցները, ինչպես դա եղավ, երբ Լեռնային Ղարաբաղը վերանվանվեց, այսինքն՝ ստացավ իր պատմական Արցախ անունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել