Ադրբեջանում շարունակվող զարգացումները, ինչպես նաև Ամերիկյան ազգային հետախուզության զեկույցի եզրակացությունը, համաձայն որի՝ 2017 թվականին Արցախում պատերազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսում կարող է լինել, բավականին մտահոգիչ է։ Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով։

Image may contain: one or more people and outdoor

Ադրբեջանական տնտեսությունը շարունակում է անկումը

Այնպես չէ, որ Հայաստանն էլ նոր Դուբայ է դառնում, բայց տնտեսական վիճակից քաղաքական համակարգի կախվածությունը Հայաստանում շատ ավելի քիչ է, քան Ադրբեջանում։ Լավ է դա, թե վատ, այլ քննարկման հարց է, բայց մեր հանրությունը հոգեբանական առումով համակերպվել է, որ մենք աղքատ երկիր ենք, իսկ Ադրբեջանում լրիվ հակառակ պատկերն է, այդ թվում նաև՝ շնորհիվ պետական քարոզչության, որի շրջանակներում 25 տարի պատմում էին ժողովրդին, որ նավթային գերտերություն լինելու հաշվին Ադրբեջանը դատապարտված է ճզմելու Հայաստանին։ Եվ այժմ Ադրբեջանում այնպիսի բարդ իրավիճակ է, որ երկրում արտարժույթի խիստ դեֆիցիտի պատճառով սնանկության եզրին է հայտնվել ադրբեջանական խոշորագույն միջազգային բանկը՝ ՄԲԱ-ն, որը չի կարողացել կատարել իր վարկային պարտականությունները։ Ու սա միայն այսբերգի գլուխն է, քանի որ նավթի ցածր գները՝ մի կողմից, գերկոռուպցիան ու թալանը՝ մյուս կողմից, անխուսափելիորեն մոտեցնում են երկրի տնտեսությունը կոլապսի աստիճանի։

Իշխանությունների դիրքերն այլևս այդքան ամուր չեն

Մի կողմից տնտեսական բարդ իրավիճակը, իսկ մյուս կողմից՝ հենց ադրբեջանական էլիտայի ներսի ինտրիգները էապես երերուն են դարձրել Ալիևի իշխանությունը։ Նա առայժմ կարողանում է հենման տարբեր կետեր գտնելով ու հենման տարբեր կետերից էլ հրաժարվելով պահպանել կայունությունը, սակայն ինձ թվում է, որ նա արդեն մոտենում է իր համակարգի ամրության ռեսուրսի սահմանին։ Սրան էլ գումարենք վերջին շրջանում սկսված ռեպրեսիաները այլախոհ մամուլի նկատմամբ, ինչպես նաև «հայկական լրտեսական ցանցի» բացահայտման շինծու օպերացիան և կստանանք բավականին տագնապային պատկեր։

Ապրիլյան պատերազմի հետքերով

Դեռ Ապրիլյան մարտերի օրերին տարբեր գործիչներ գնահատում էին կատարվողը որպես մարտով հետախուզություն։ Այլ գործիչներ էլ կտրականապես դեմ էին, ըստ իս, արդարացիորեն նշելով, որ մարտով հետախուզության համար չափազանց լուրջ ուժեր էին ներգրավված, ու այլ մասշտաբներ էին։ Կարծում եմ, որ Ապրիլյան գործողություններին կարելի է տալ հիմնականում տապալված սահմանափակ հարձակողական գործողության գնահատական, որը, սակայն, չի նշանակում, որ դրանից, այդ թվում նաև՝ մարտով հետախուզության կողմից ենթադրվող հետևություններ չեն արվել։ Ճիշտ է, իրավիճակը էապես փոխվել է այս մեկ տարում, նամանավանդ առաջնագծի ապահովման ու սպառազինության հագեցվածության մասով, բայց թե՛ ադրբեջանցիները, թե՛ մենք հասկացանք, որ առաջնագիծը Մաժինոյի գիծը չէ, Ադրբեջանի բանակն էլ, այնուամենայնիվ, նիզակներով զինված պիգմեյների վայրենի խումբ չէ, և ուժերի բավարար ու գրագետ կիրառման, ինչպես նաև հայկական կողմի թերացումների դեպքում, այնուամենայնիվ, որոշակի արդյունքների հասնելը անհնարինի շարքից չէ։ Ողջ հարցը կորուստների գնի ու էսկալացման աստիճանի մեջ է, իսկ այն, որ Ադրբեջանում կորուստների նկատմամբ զգայական սանդղակը էապես ավելի բարձր է, քան մեզ մոտ, ոչ մեկի համար գաղտնիք չէ։

Բարդ իրավիճակում լավագույն լուծումը փոքրիկ հաղթական պատերազմն է

Սա, իհարկե, ընդամենը կանխատեսում է ու զարգացման հնարավոր սցենարներից մեկը, բայց ամբողջովին անտեսել չի կարելի նաև այս հավանականությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ բնավ չի կարելի բացառել, որ Ադրբեջանի վարչակազմը կփորձի հեղհեղուկ իրավիճակը կայունացնել ու ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել հերթական միկրոպատերազմը հրահրելով։ Պատերազմի մասշտաբները կրկին սահմանափակ կլինեն ու միտված չեն լինի «Ստեփանակերտը գրավելուն»։ Ավելին, անգամ եթե 1-2 գյուղ կարողանան վերցնել, արդեն իսկ խիստ գոհացուցիչ արդյունք կլինի իրենց համար, անգամ եթե ամեն գյուղի համար մեկական բրիգադ պառկեցնեն։ Ընդ որում՝ դատելով վերջին մեկ տարվա զարգացումներից՝ Ադրբեջանի մտավախությունը ոչ այնքան միջազգային հանրության ու ԵԱՀԿ-ի արձագանքն է, որքան այն հավանականությունը, որ անբարենպաստ զարգացումների դեպքում կարող են ոչ մի բնակավայր էլ չգրավել, դեռ մի բան էլ մի երկու հատ իրենք կարող են կորցնել, ինչը, անկասկած, էլ ավելի կանկայունացնի երկրում տիրող բարդ իրավիճակը։

Չեմ ցանկանում շատ հոռետես ու մռայլ լինել կանխատեսումներումս, բայց կարծում եմ, որ մեզ գերլարված ամառ ու աշուն է սպասվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել