Ավագ Շաբաթվա կարծիքադուլս համառորեն շարունակվում է, բայց մի բան կցանկանայի հուշել ա՛յն ընկներներիս, որոնք ամեն դեպքում իրապես ուզո՛ւմ են հասկանալ` ինչ է կատարվում: Հայաստանում վաղուց եւ արմատապես փոխվել է իշխանական քարոզչության կառուցվածքը: Վաղուց արդեն գոյություն չունի նախկին՝ երկբեւեռ քարոզչական համակարգը, երբ ընդդիմությունը մի բան էր ասում, իսկ իշխանական քարոզչությունը դա հերքում էր հայելային տրամաբանությամբ: Վաղուց արդեն իշխանական քարոզչությունը բաժանված է մի քանի հատվածների եւ պայմանական ասած 150 կայքից ու փորձագետից 100 հանդես են գալիս բարի քննիչի՝ ընդդիմադիր դիրքերից՝ չափավորից մինչեւ արմատական, եւ միայն մնացած 50 են չար քննիչի լեզվով խոսում՝ նույնպես չափավորից մինչեւ ծայրահեղ: Եվ եթե կոնտրոնանում եք միայն վերջինների վրա ա լյա Բաբուխանյան, բան չեք հասկանում: Նույնն, ի դեպ, Ֆեյսբուքում է: Արտաքուստ ինձնից ավելի ընդդիմադիր ահագին դեմք կա, որոնք ամենատրիվիալ պատվեր կատարելով են զբաղված, մինչ դուք կենտրոնացած եք հին դինոզավրերի վրա: Բացի այդ իշխանության տարբեր թեւերն ու թեւիկնեը վաղուց գործում են բավականին ինքնավար՝ ամեն մեկն իր դիսկուրսով ու նշանային համակարգով: Դաշտը լցոնված է ֆեյքերով: Մինչդեռ իմ հասկանալով, շատերը շարունակում են վերլուծել իրավիճակն այնպես, կարծես 2007 թվականն է, եւ բան չի փոխվել, համացանցային եւ քարոզչական հեղափոխությունը Հայքում տեղի չի ունեցել: Էլ չասած, որ կան նաեւ այնպիսիք, որոնք մոտավորապես Փավստոս Բուզանդի վիպական ոճի մեջ են դեռեւս: Հավատացեք՝ իրավիճակն արդեն այնքան մատչելի է դարձել, որ նույնիսկ անհետաքրքիր է այն վերլուծել: Իմ խորհուրդս նրանց, ովքեր ծուլանում են կամ ժամանակ չունեն խորանալու: Մի շատ հեշտ, նույնիսկ պարզունակ թվացող ճանապարհ կա: Մտնում եք երիտթեւի կայքեր, կարդում եք՝ ինչ է այնտեղ գրված տեղի ունեցողի մասին (վերցնելով միայն մեկ-երկու հիմնական հեղինակի նյութերը), եւ նայած, թե այնտեղ ինչն են դրական ներկայացնում, իսկ ինչը բացասական, եզրակացնում եք, թե իշխանության առնվազն երիտթեւին ինչն է այս պահին ձեռնտու, իսկ ինչը՝ ո՛չ: Հավատացեք՝ սա փորձված մեթոդ է, եթե այլ դետալների մեջ չեք ուզում խորանալ: Պետք չէ հեծանիվ հայտնագործել, ամեն ինչ բավականին բաց է արվում այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել