Արցախում զբոսաշրջիկների թիվը 10%-ով աճել էPanARMENIAN.Net-ը գրում է.

2017-ի առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի 10% աճ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես հայտնում են ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից, առաջին եռամսյակում Արցախ են այցելել հիմնականում ՌԴ, ԱՄՆ, Իրանի և եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներ:

Առաջին եռամսյակում ամենաայցելվող զբոսաշրջավայրերի շարքում են Տիգրանակերտի արգելոցը, Գանձասարի վանական համալիրը, Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը և Ծաղկաշատի ազգագրական համալիրը՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանով հանդերձ:

Հետաքրքրության աճ է նկատվում նաև Տողի մելիքական ապարանք արգելոցի նկատմամբ: Զբոսաշրջիկների այցելության հիմնական նպատակն է ճանաչողական հանգստի կազմակերպումն Արցախում:

ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Շահվերդյանի խոսքով, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ նման տվյալների արձանագրումը խոստումնալից է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է միայն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր մուտքի արտոնագրեր են ստացել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը գրել է, որ2016-ին Արցախ է այցելել մոտ 14.000 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 16 տոկոսով ցածր է 2015-ի ցուցանիշից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել