karkut-600x389Araratnews.am-ը գրում է.

Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ ՀՀ դրամի վնաս: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են անցկացվել ոլորտում:

Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառումը: Որոշման ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը: Հնարավորություններ կստեղծվի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանվի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը: Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել. «Մենք շատ մեծ հույս ենք կապում ծրագրի հետ: Կարծում եմ, որ այն չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ գյուղատնտեսության զարգացման համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել