Նախագահական այս ընտրությունները նշանավորվեցին մեկ «նորամուծությամբ»՝ վերակենդանացավ ու մեծ ծաղկում ապրեց նամակի ժանրը: Նախ՝ երկու Սերժերը (Սարգսյան եւ Թանկյան) փոխանակեցին ու շփվեցին նամակներով, առաջինը՝ ինչպես միշտ, հովվերգական եւ քնարազեղումային տոնայնությամբ, երկրորդը՝ հատու, ռոքային տողերով ու ոճաբանությամբ:  

Հետո սկսվեցին ֆեյսբուքյան օգտատերերի բաց նամակները՝ իրենց հայտնի անվանակիցներին՝ պատմական, քաղաքական, հասարակական, գեղարվեստական, մտերմիկ-անձնական թեմատիկայով ու գույներով՝ ա լյա Սերժ ոճի մեջ, որոնց մեջ քննվում էր Հայաստանի ու աշխարհի «բանը»:

Այնուհետեւ սկիզբ առավ քաղաքացիների բաց ու հատկապես փակ նամակների շարքը՝ Սերժ Սարգսյանին, որոնց լեյտմոտիվը «Սերժ, դու նախագահ չես ընտրվել» միտքն էր: 

Հետո ասպարեզ եկավ նամակագրության հաջորդ փուլը՝ բարձր մակարդակի նամակագրությունը նախագահական ընտրություններում երկու հիմնական մրցակիցների՝ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մեջեւ: Նախ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով առաջարկներ ներկայացրեց Սերժ Սարգսյանին:

Հետեւեց Սերժ Սարգսյանի նամակը՝ «հում», բայց խոստումնալից առաջարկների, հացադուլից դուրս գալու եւ կազդուրվելու, «թուղթ ու գրիչով» հանդիպելու ու առանց «շոուներ» միասին աշխատելու մասին:

Չուշացավ Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան նամակը՝ «Հայրենիքի հավատամքով եւ ժողովրդի ձայնով»՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ հանդիպելու եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի եւ ցանկացած ձեւաչափով՝ Ազատության հրապարակում: 

Հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ ոչ մի դեպքում չի գնա, ուրեմն՝ սպասենք հաջորդ նամակին. մի խոսքով՝ նամակիդ սպասող կամ «նամակ, նամակ, նամակ էլ կստանաս»…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել