Image result for germany turkeyԱռանց այդ էլ բավական ծանր վիճակում գտնվող թուրք-գերմանական հարաբերություններն էլ ավելի կսրվեն Գերմանիայի իշխանությունների որոշումից հետո, որի համաձայն՝ Մերկելի կառավարությունը սկսել է քաղաքական ապաստան տրամադրել Թուրքիայի այն քաղաքացիներին, որոնց Էրդողանի վարչակարգը մեղադրում է անցյալ տարվա հուլիսի 15-ին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։
Süddeutsche Zeitung-ի տեղեկություններով՝ գերմանական կառավարությունը սկսել է քննել և ապաստան տրամադրել այն 414 թուրքերին, որոնք Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջումից հետո կա՛մ փախել էին Գերմանիա, կա՛մ էլ գտնվելով Գերմանիայի տարածքում՝ հրաժարվել էին վերադառնալ Թուրքիա։ Նրանց մեծ մասը զինվորականներ և դիվանագետներ են։
Անգելա Մերկելի կառավարության այս որոշումն էլ ավելի կսրի հարաբերությունները Անկարայի հետ, որն ամեն գնով փորձում է Թուրքիա վերադարձնել այն բոլոր քաղաքացիներին, որոնց հաջողվել էր անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո ճողոպրել Էրդողանից և պատսպարվել արտասահմանում։ Թուրքիայի ղեկավարությունը բավական ծանր է տանում թուրք ընդդիմադիրներին պատսպարած երկրների կողմից նրանց ապաստան տրամադրելու փաստը։ Սկզբից Հունաստանն էր, հիմա էլ՝ Գերմանիան։
Հիշեցնեմ, որ թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ սրվեցին ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, երբ Գերմանիայի իշխանությունները կտրականապես արգելեցին թուրք նախարարներին Էրդողանի սահմանադրության գովազդով զբաղվել Գերմանիայի տարածքում։
Հ.Գ. Ի դեպ՝ Թուրքիայի Գլխավոր դատախազությունը պահանջել է ԱՄՆ-ում բնակվող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, ում Էրդողանը մեղադրում է պետական հեղաշրջման փորձ անելու մեջ, դատապարտել 2900 տարվա ազատազրկման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել