Armlur.am-ը գրում է.

Ես ինձ ոչ մի ավելորդություն թույլ չեմ տալիս. Ելենա Վարդանյանը` համարձակ կերպարների և անձնական կյանքի մասին

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը («Ամեն ինչ վաճառվում է» (Եվգենիա), «Հոգեկանը» (Մարինա), «Բադաորս» (Վերա), «Խլահավի բույնը» (Արիանա) և այլն, ով հանրության լայն զանգվածներին հայտնի է «Կարգին սերիալ», «Երե1», «Դոմինո» հումորային հեռուստանախագծերից, «Ժողովուրդ»-ին պատմել է նոր առաջարկների, երգարվեստում արած քայլերի մասին: Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք համարձակ դերեր կերտելու հանգամանքն անդրադառնում է անձնական կյանքի վրա:

-Ելենա՛, ամիսներ առաջ թողարկեցիք տեսահոլովակ «Թե հոգնել ես» երգի հիման վրա: Կշարունակե՞ք զբաղվել երաժշտությամբ, թե՞ դա պարզապես Ձեր հոբբին է: 

-Ես դա արեցի իմ հաճույքի համար: Եթե ցանկանամ, գուցե էլի տեսահոլովակ թողարկեմ: Ինձ պարզապես դուր էր եկել այդ երգի երաժշտությունը, և ուզեցի էքսպերիմենտ անել: Բայց առաջիկայում երգարվեստի համար շատ ժամանակ չեմ ծախսի, քանի որ բավական մեծ զբաղվածություն ունեմ թատրոնում: Առհասարակ, այն համոզման եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի մեկ սիրելի գործով, հակառակ դեպքում` նրա մոտ ոչինչ չի ստացվի:

-Շատերը սիրեցին «Դոմինո» սիթքոմում Ձեր մարմնավորած կերպարը: Հումորային նախագծերում էլի հանդես կգա՞ք: 

-Ստացել եմ մի քանի առաջարկ, բայց մերժել եմ: Ես, առհասարակ, հազվադեպ եմ նկարահանվում նախագծերում` տարին մեկ, երկու անգամ. մի քիչ հոգնում եմ այդ պրոցեսից: Ուստի «Դոմինոյից» հետո ինքս ինձ հանգստանալու ժամանակ տվեցի: Թեև հանգստանալը հարաբերական է, եթե հաշվի առնենք, թե որքան խիտ է գրաֆիկս թատրոնում: Հրավերները չընդունեցի նաև, որովհետև չէի ցանկանում, որ թատրոնը տուժեր, ավելի ճիշտ` ես, հազվադեպ լինելով թատրոնում, տուժեի (ծիծաղում է): Միշտ էլ նախընտրությունս տվել եմ բեմին:

-Հայ իրականությունում այնքան էլ շատ չեն դերասանուհիները, որոնք չեն խուսափում հանդես գալ բաց, համարձակ դերերով, ֆոտոշարքերով: Ձեր աշխատանքը անձնական կյանքում խնդիրներ չի ստեղծո՞ւմ: 

– Բանն այն է, որ իմ մարմնավորած կերպարները բավական վառ են, բայց դա անձնականիս վրա ոչ մի կերպ չի անդրադառնում: Վաղուց ամուսնացած եմ, և մեզ մոտ ամեն բան կարգին է: Ես ինձ ոչ մի ավելորդություն թույլ չեմ տալիս: Այն, ինչ անում եմ բեմում կամ էկրանին, գրված է սցենարով, պահանջում է բեմադրիչ-ռեժիսորը: Դա իմ ցանկության կամ նախապատվության հարցը չէ: Ես այն համոզման եմ, որ երբ սկսեմ մտածել ինչ-որ տեղս փակելու մասին, իմ դերերը չեն լինի իմ դերերը: Մեր թատրոնը բեմադրել է Շիրվանզադեի «Մորգանի խնամին», և ես մարմնավորում եմ Նատաշային, որի դերը նախկինում խաղացել են շատ մեծ արտիստուհիներ: Պատկերացնում եք, չէ՞, նա դերասանուհի է, կրում է բավական համարձակ, բաց կոստյում: Ես հո չե՞մ կարող ասել. «Գիտե՞ք` ես չեմ կրի այս կարճ շրջազգեստը, ես նման վառ դիմահարդարում չեմ անի» և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել