Картинки по запросу ոստիկանությունՑանկացած պետության մեջ իրավապահները, մասնավորապես, ոստիկանությունը, արտոնյալ կարգավիճակ ունի: Հանրությունը, ոստիկանությանը հանձնելով բռնություն կիրառելու մենաշնորհի իրագործումը, մի շարք արտոնություններ է նախատեսում այդ ինստիտուտի համար: Արտոնություններ, որոնք ոստիկանության գործիքակազմն են: Իրենց է թույլատրվում զենք կրել, քաղաքացիներին բերման ենթարկել, տարբեր միջոցառումներ իրականացնել: Ցուցմունք տալիս նրանց է վերապահված ճշմարտության կանխավարկածի իմպերատիվը։

Այդ ինստիտուտը հնարավորինս անաչառ պահելու նպատակով, Ոստիկանության դերը կարևորելով, համակարգային լծակներ են հիմնադրվում։ Ստեղծվում են սեփական անվտանգության բաժիններ: Վերահսկողության քաղաքացիական գործիքներ են ներդրվում: Ֆինանսապես խրախուսվում է օրինապահի օրինապահ լինելը: Այս ամենը արվում է, քանի որ հանրությունը գիտակցում է այս ինստիտուտի գործունեության հույժ կարևորությունը:

Հայաստանում ոստիկանությանը վերաբերվող ահագին ծավալուն օրենսդրական դաշտ կա, որը կամ ժառանգություն է մնացել սովետից, կամ Եվրոպայից է «ներմուծվել»։ Ինչպես և այլ ոլորտներում, այստեղ նույնպես, դաշտը ձևավորվել է, ո՛չ թե հանրային պատվերի արդյունքում, ո՛չ թե` որպես հանրության գիտակցության արտացոլում, այլ` զուտ ձևական: Փաստացի բնակչության քանի՞ տոկոսը կընդունի ճշմարտության կանխավարկածի իմպերատիվը: Քանի՞ տոկոսը առհասարակ կիմանա, թե դա ի՞նչ է: Ըստ իս, մեկ տոկոսից քիչ են այդ մարդիկ, նույնիսկ, հաշվի առնելով, որ զուտ ոստիկանության ծառայողների քանակը արդեն մեկ տոկոսից ավել է:

Իրական կյանքում ճշմարտության կանխավարկածին գործը, նույնիսկ, չի էլ հասնում: Իրական կյանքում ՀՀ «քաղաքացիները» մուննաթով պահանջում են ոստիկաններից, որ իրենց գործն անեն, իսկ անելիս քֆուր են տալիս: Այսինքն` ոստիկանը պիտի հանցագործին բռնի, բայց միայն եթե հանցագործը եղբայրդ չէ, կամ` ընկերդ, կամ` հարևանդ, կամ` կողքի բակի Վաղոն, կամ էլ` թաղծոտ աչքերով սիմպատիշնի տղեն... Հայաստանում ոստիկանը վատամարդ չլինելու տարբերակ չունի, որովհետև ոչ մեկ, նույնիսկ ամենա սկզբունքային ակտիվիստները, չեն սպասի Թաթայի մյուս համերգին, որ հելնեն բեմի վրա, ասենք, թանաք ցպնեն` քանի որ նա հանցագործների հետ ընկերություն է անում: Հասարակությունը բաժանված է գողերի և բոզերի, ընդ որում, անհասկանալիորեն վիրավորանքը «գող» բառը չէ:

Ստեղծված իրավիճակում առաջնահերթ եմ համարում օրենսդրական դաշտի այնպիսի ռեֆորմներ, որոնք ոստիկանության շարքային աշխատողին հնարավորինս զերծ կպահեն հայոց ցեղերի մշակույթի արատավոր ազդեցությունից: Ոստիկանը պետք է անձամբ շահագրգռված լինի դիմադրելու այդ մշակույթի մասնիկ լինելու հոգեբանական ճնշմանը: Այլևս անիմաստ պիտի լինի «ընտանիք պահելու» դոգման, քանի որ օրենքով ծառայելն է լինելու ավելի շահավետ:

Առաջին հերթին անհրաժեշտ է օրենսդրական նախաձեռնությամբ իրավապահներին տալ հետևյալ արտոնությունները՝

- Մինչև 100,000 դրամ կաշառքի առաջարկ ստանալու, պատշաճ կերպով զեկուցելու և ապացուցելու դեպքում, իրավապահը պետք է ստանա դրամական պարգև՝ առաջարկված կաշառքի տասնապատիկի չափով և արտահերթ կոչման բարձրացում:
- Մինչև 500,000 դրամի դեպքում՝ հնգապատիկ:
- Մինչև 5,000,000 դրամի դեպքում՝ եռապատիկը:
- 5,000,000 դրամից ավելիի դեպքում՝ կրկնակին:

Գումարը պետք է գանձվի կաշառք տվողից՝ իր հանդեպ օրենքով սահմանված կարգով պատիժ կիրառելու հետ մեկ տեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել