Ադամանդագործության ոլորտը վերջին շրջանում բուռն զարգացում է ապրում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր երկրում արտադրվել է 49 հազար 494 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2 անգամ: Նշենք, որ ընդհանուր առմամբ՝ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է ավելի քան 113 հազար կարատ ադամանդ: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 81 հազար 346 կարատ ադամանդ, 2014 թվականին՝ 59 հազար 712 կարատ ադամանդ, իսկ 2013 թվականին՝ 94 հազար կարատ ադամանդ:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է: Պատահական չէ, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում համարվել է ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: 1973 թվականին «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976 թվականին հիմնվել էր «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազար կարատ վերամշակման հզորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել