Картинки по запросу հասարակությունՀնգանկյուն աստղն աշխարհի ամենատարածված սիմվոլներից է: Դեռ հին Եգիպտոսից այն խորհրդանշել է մարտնչող գիտությունը և այդ մեկնաբանությամբ է հայտնվել նաև, օրինակ, սովետական սիմվոլիկայում: Իսկ պիոներականում այն պատկերված էր կաբալայի՝ այրող գիտության աստղի երեք լեզուներով: Համարվում էր, որ այրվող աստղը լուսավորելով չի կարող չայրել՝ պատճառելով անխուսափելի ցավ և տառապանք։

Վեցանկյուն աստղը ավելի քիչ տարածված, սակայն ոչ պակաս հայտնի սիմվոլ է և բացի Իսրայելի պետականության խորհրդանիշ լինելուց՝ օգտագործվում է նաև մասոնական փիլիսոփայության մեջ Սողոմոնի տաճարի սյուներին հետ: Համարվում է, որ վեցանկյուն աստղն է Դավիթի վահանին, ով պաշտպանում է Իսրայելը: Կոպիտ ասած՝ ՊՆ խորհրդանիշն է, որը կաբալիստների միջնորդությամբ նաև փոխանցվեց խաչակիրներին (այնուհետև գաղտնի եղբայրություններին) մի շարք շատ ավելի պրակտիկ գիտելիքների հետ մեկտեղ:

Ութանկյունը աշխարհում շատ քիչ տարածված, այնուամենայնիվ, մեզանում շատ «սիրված» սիմվոլ է: Հնուց այն խորհրդանշել է վերածնունդը և անմահությունը: Ութանկյուն աստղով կնքվածները վերածնվելով ձեռք էին բերում հավերժ կյանք, որը հիմնականում պայմանավորված է լիարժեք հոգևոր ազատությամբ: Այսինքն՝ մարդ, ով ազատ է, ոչ թե իր տեղաշարժման հարցում, այլ նյութական բոլոր թելերից, այդ թվում՝ սոցիալական պարտավորություններից, այդ թվում ազգային և նույնիսկ ընտանեկան...

Պետք է ասեմ, որ միշտ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել ազատության սկզբունքներին նմամ արմատականորեն հավատարիմ մարդկանց հանդեպ: Հարգել և նույնիսկ, ինչ-որ չափով նախանձել եմ՝ սեփականությունից, նյութականից և հասարակական պարտավորություններից ձերբազատված այս մարդկանց: Մինչդեռ զզվանք են առաջացնում «կնքված» բիզնեսմեններն ու ցանկացած փարիսեցի:

Անշուշտ, քաղաքակիրթ աշխարհում անհամատեղելի են քաղաքացիական հասարակությունն ու ազատության այս՝ արմատական տարբերակը: Պետությունն ու նվիրյալ «վերածնվածները» կոնսենսուսի են եկել՝ ֆիզիկապես մեկուսացնելով ազատ մարդուն, հնարավոր չէ սահմանափակել նրա ոգին: Ազատ մարդը իրեն շատ նորմալ կարող է զգալ նույնիսկ բերդում: Սա միակ կոնսենսուսը չէ։ Եվս մի կոնսենսուս է «մախերին չտալու» դոգման, որը իրականում պետության բռնության մենաշնորհի ճանաչումն է. ոչ թե ընդունում կամ, առավել ևս, ողջունում, այլ պարզապես ճանաչում, արձանագրում: Նման կոնսենսուսը ստեղծեց Ֆուկույամայի (իսկ ավեի վաղ՝ Վեբբերի) բնութագրած բարոյականության հիմքերը, որոնք թույլ տվեցին Ճապոնիային զարգանալ՝ ունենալով Յակուձա: «Գողի» և քաղաքացու (այլ կերպ ասած՝ «բոզ»-ի) միջև կարա լինի վստահություն, բայց միայն այն դեպքում, երբ «գողը» իր սկզբունքներին չի դավաճանում, իսկ քաղաքացին՝ իր:

Քայքայիչ անբարոյականությունը ծաղկում է, երբ խախտվում է կոնսենսուսը: Երբ սկզբունք որդեգրած անձը խախտում է իր սկզբունքը: Իրեն ազատ հռչակած և վերածնված անձը, մեկ էլ տեսար, բանկային հաշիվ է ձեռք բերում, քրիստոնյան սկսում է ստել, պաշտոնյան՝ գողանալ, իսկ քաղաքացին սկսում է ձևանալ «կնքված»:

Անբարոյական հասարակությունը չի կարող բարեկեցիկ լինել: Քրիստոնյան պիտի լինի քրիստոնյա, ահաբեկիչը՝ ահաբեկիչ, հացադուլավորը՝ հացադուլավոր, գողը՝ գող, քաղաքացին՝ քաղաքացի: Բոլորի ընտրությունը պիտի հարգվի, մասնավորապես՝ փարիսեցիներին (խոսքը մուտիլովշիկների մասին ա) առանձնացնելու և նսեմացնելու միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել