Ասում են, թե այն, ինչ դուք ձեզնից ներկայացնում եք, պայմանավորված է նրանով, թե ինչ եք կարդում:

Գաբրիել Գարսիա Մարկես, Էռնեստ Հեմինգուեյ, Մարկ Ցուկերբերգ, Բիլ Գեյթս, Սերգեյ Բրին, Ալբերտ Էյնշտեյն։ Նրանք բոլորը հասել են հաջողությունների տարբեր եղանակներով, սակայն ունեն մեկ նմանություն․ կարևորել են գրքի դերը։

Գաբրիել Գարսիա Մարկես

Եթե չլիներ Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը, ապա շատ հնարավոր է, որ այսօր մեզ չհասնեին Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերը։

Մարկեսն ուներ սիրելի գրքերի մի շարք՝ Թոմաս Մանի «Կախարդական լեռը», Ռոբերտ Նատանի «Ջենի դիմանկարը» և այլն։ Սակայն իր մտքերի, գաղափարների վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը։

Հիմնականում Մարկեսը կարդում էր քնելուց առաջ, որպեսզի հեշտ ննջեր, սակայն այս վեպը այնպիսի մեծ տպավորություն է գործում, որ ոչ միայն չի կարողանում քնել ամբողջ գիշեր, այլև առավոտյան արթնանալով՝ որոշում է գրել։ Մարկեսն այդպես հասկանում է, որ անպայման պետք է դառնա գրող։

«Առաջին տողերը որոշեցին իմ նոր կյանքի ճանապարհը։ Ամեն օրս սկսվում էր գրամեքենայի առաջ, որպեսզի ստեղծեմ Կաֆկայի գրքի խեղճ բյուրոկրատի նման հերոսի, որը փոխակերպվել էր հսկայական բզեզի։ Հաջորդ օրերին ես համալսարան չէի գնում՝ վախենալով, որ կախարդանքը կանցնի, նախանձը, որն արտահայտվում էր իմ քրտինքի կաթիլների մեջ, ծածկում էր երեսս»։

Գիրքը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով,առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ վերածվելով մեծ, հրեշային ուտիճի։

Հետաքրքիրն այն է, որ գլխավոր հերոսը չի մտածում վերափոխվել ետ՝ դեպի իր մարդկային մարմինը: Նա փնտրում է լուծումներ՝ արդեն իր նոր մարմնով գոյատևելու համար։

Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտնի չդարձավ, Կաֆկան երբեք չբացատրեց։

Էռնեստ Հեմինգուեյ

Էռնեստ Հեմինգուեյի ամենասիրելի գրողը Լև Տոլստոյն էր, իսկ ամենասիրելը վեպը՝ «Պատերազմ և խաղաղություն»-ը։ Տոլստոյը գրավել էր նրան իր անկեղծությամբ, նրանով, որ անդրադառնում էր բարոյական խնդիրներին, փնտրում էր կյանքի իմաստը։

Հեմինգուեյը, ով փոքր տարիքում երազում էր բռնցքամարտիկ դառնալ, սիրում էր համեմատել գրականությունը բռնցքամարտի հետ։

«Ես համեստ սկսեցի և հաղթեցի պարոն Տուրգենևին, այնուհետև հաղթեցի պարոն Մոպասանին, այդ ինձնից շատ մեծ ջանք պահանջեց։ Պարոն Ստենդալի հետ երկու անգամ ոչ ոքի ունեցանք, սակայն ինձ թվում է, որ վերջին ռաունդում ես նրան հաղթեցի միավորներով, սակայն ինձ ոչինչ չի կարող ստիպել ռինգ դուրս գալ պարոն Տոլստոյի դեմ»։

«Պատերազմ և խաղաղություն»-ը համաշխարհային գրականության կենտրոնական ստեղծագործություններից մեկն է։ Վեպում հինգ տոհմերի պատմության միջոցով պատկերված է Ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան և Նապոլեոնյան դարաշրջանի ազդեցությունը ցարական հասարակության վրա:

Մարկ Ցուկերբերգ

Ամերիկացի ծրագրավորող, Ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարծիքով իր կյանքում մեծ դեր է ունեցել Վերգիլի «Էնեիդա»-ն։

Այն կարդացել է, երբ դպրոցում լատիներեն էր ուսումնասիրում։ Նրա խոսքով՝ հենց այս ստեղծագործության շնորհիվ է փոխվել նրա վերաբերմունքը կյանքի և նպատակներին հասնելու վերաբերյալ։ Պոեմը նվիրված է Հռոմեական կայսրության հիմնադիր միստիկ հերոսի՝ Էնեի կյանքին և սխրանքներին։ Տրոյական պատերազմի հերոս Էնեն, իր ցեղակիցների հետ տեղափոխվում է Իտալիա և հիմնադրում Լիվանի քաղաքը։ «Էնեիդան» բաղկացած է 12 մասից՝ երգերից։ Վերգիլը չի հասցնում ավարտել պոեմը, բանաստեղծության որոշ հատվածներ անավարտ են, այդ պատճառով հակասում են իրար։ Մահվանից առաջ չցանկանալով հրապարակել այն՝ որոշում է այրել, սակայն Օգոստոս կայսրը, այնուամենայնիվ, հրատարակում է, որովհետև կարծում էր, որ այն մրցակցում էր Հոմերոսի պոեմներին։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել