1in.am-ը գրում է.
 Թվում էր, թե երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների շուրջ ստեղծված աղմուկը, երբ նրանք հայտարարեցին, որ ինքնաբացարկի դիմումներ չեն գրել և ցանկանում են վերցնել իրենց պատգամավորական մանդատները, սակայն, պարզվում է, դեռ ամեն բան չէ, որ ավարտվել է: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մանդատները վերցրած պատգամավորներից ոմանք, հնարավոր է, ԱԺ առաջին նիստի ժամանակ հայտարարեն մանդատը վայր դնելու մասին: Պատգամավորական մանդատը վայր դնել պատրաստ է մասնավորապես Նապոլեոն Ազիզյանը, ումից էլ, ըստ էության, սկսվեց այս աղմուկը: Նապոլեոն Ազիզյանը այսօր հանդիպել է Գագիկ Ծառուկյանին, խոսել են վերջին օրերի դեպքերից, և Ազիզյանը Ծառուկյանին ասել է, որ ցանկացած պահի պատրաստ է իր մանդատը դնել Ծառուկյանի ոտքերի առաջ:

«Առաջին լրատվական»-ը Նապոլեոն Ազիզյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ այնուամենայնիվ որոշել է վայր դնել մանդատը:

-Ես այսօր զանգեցի և այս հիվանդ ոտքով գնացի պարոն Ծառուկյանին տեսա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ քարոզարշավը, բոլոր ծախսերը հոգացել է պարոն Ծառուկյանը: Ես գնացի՝ ասեց Նապոլեոն, էս ինչ եմ լսում: Ես էլ իրան ասի՝ պարոն Ծառուկյան, ովքեր որ մեզ փորձում են խառնել իրար, թյուրիմացություններ են ասում ձեզ, գալիս են ուրիշ բան են հասցնում ձեզ, բայց դուք լավ գիտեք, որ ես էն մարդն են, որ ձեր խոսքը օդի մեջ չեմ թողի: Ես ասի Ծառուկյանին, որ եթե գտնում է՝ ես քիչ եմ չարչարվել, լավ չեմ աշխատել, ապա մանդատն իմ համար ինքնանպատակ չի, որ պահին ինքն ասի՝ ես պատրաստ եմ մանդատը գետնին դնեմ: Ասի՝ պարոն Ծառուկյան ջան, քո մանդատն ա և արժի այդ մանդատը դնել քո ոտքերի առաջ:

Իսկ Ծառուկյանն ինչպե՞ս պատասխանեց Ձեր այդ անկեղծությանը:

-Ծառուկյանն էլ ասեց՝ դու արդար մարդ ես, էդքան չարչարվել ես էս տարիքում, վազվզել ես․․․ Ասեց՝ կգաս խորհրդարան ամեն ինչ կորոշենք: Ես էլ ասեցի՝ երբ հարմար գտնես, որ վայրկյանին ասես, ես էդ մանդատը վայր կդնեմ, որովհետև ես պարտական եմ քեզ, ես էդքան անբարոյական մարդ չեմ, որ էդքան բան անես իմ համար, ես ուրանամ քո արածը, քո լավությունը:

Այսինքն՝ շատ հավանական է, որ հենց ԱԺ առաջին նիստի՞ն վայր դնեք Ձեր մանդատը:

Ես հիմա չեմ կարա ասեմ, էդ պահին Ծառուկյանը ոնց ասի, տենց էլ կանեմ: Ես անբարոյական չեմ, որ իրա խոսքը թողնեմ օդի մեջ մնա:

Պարոն Ազիզյան, այդ դեպքում ինչո՞ւ էիք օրեր առաջ հայտարարում, որ Ձեզ խաբել են։ Դուք ընտրված պատգամավոր եք և պայքարելու եք Ձեր իրավունքների համար, գնալու եք ԱԺ, և եթե Ծառուկյանը կորոշի վրեժխնդիր լինել՝ թող լինի: Ասել էիք, որ Դուք հավի ճուտ չեք, որ Ձեզ ճնշեն, սպառնան: Բայց այսօր պարզվում է՝ պատրաստ եք ընտրված պատգամավորի Ձեր մանդատը դնել Ծառուկյանի ոտքերի առաջ: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր այս հակասական վարքագիծը:

-Այո, ես ասում եմ, ով կարա ինձ սպառնա: Ես նորից եմ ասում, որ հավի ճուտ չեմ, բայց հո էդ մարդը բան չի, որ տենց բան անի: Գագիկ Ծառուկյանը տենց մանր մարդ չի, որ մարդ ուղարկի՝ ինձ սպառնան: Մեր տան մոտ ոչ անծանոթ մեքենա է եղել, ոչ էլ․․․ Ամեն բան կարգին է:

Պարոն Ազիզյան, ամեն դեպքում՝ գոնե Ծառուկյանից հետաքրքրվեցի՞ք, թե ով էր Ձեր անունից ԿԸՀ մանդատից հրաժարվելու դիմում տարել առանց Ձեր գիտության:

-Դա թյուրիմացություն ա, էդ նոտարը ուրիշ տեղ ա եղել, ես տեղյակ չեմ եղել՝ ինչ են արել: Ես հանկարծակիի եկա, ասեցի, որ տենց բան չեմ գրել, քանի որ չեմ իմացել, թե էդ թուղթը ուր են տարել: Հիմա՝ ով ինչ ա գրել, ուր ա տարել, դա կարևոր չի: Ես զգում եմ, որ տարբեր ուժեր ուզում են խառնեն Ծառուկյանին, մուտիլովկա անեն: Բայց ես Ծառուկյանի ցավը տանեմ: Ես իրա խոսքը կյանքում գետնով չեմ տա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել