Լապշինի առողջությունն ադրբեջանական բանտում վատթարացել էPanARMENIAN.Net-ը գրում է.

Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակն ադրբեջանական բանտում վատթարացել է: Այդ մասին հայտնել է բլոգերի կինը՝ Եկատերինան իր ֆեյսբուքյան էջում:

«Ցավոք, Սաշայի վերաբերյալ տխուր նորություններ ունեմ: Թեև նա այժմ մեկուսարանի բուժկետում է գտնվում, դա նրա առողջությանը օգուտ չի տալիս: Սրտի խնդիրներին ավելացել է նաև նյարդային խանգարումը, որն ըստ տեղի բուժակի, «սթրեսի արդյունք է»: Իրականում, ախտանիշերը, որոնք Սաշան նկարագրել է, շատ վատն են՝ ցավեր գոտկատեղում, ոտքի սուր ցավ, որը թույլ չի տալիս նորմալ քայլել, նստել, մկանների կծկումներ գիշերային ժամերին: Իրականում այդ վիճակը լուրջ հետազոտման կարիք ունի, հիվանդանոցում բուժման, սակայն մեկուսարանում որոշել են սահմանափակվել ձևական ստուգումով՝ «ոտքդ բարձրացրու, ծալի, դիկլոֆենակ խմիր»,-գրել է բլոգերի կինը:

Եկատերինան այն կարծիքի է, որ ի պատասխան Ադրբեջանի արդարադատության նախարարությունը, ադրբեջանական ԶԼՄ-ները կգրեն, թե Լապշինը բողոք չունի:

«Ադրբեջանցիները կհիշեն Ասկերովին, հերթական անգամ կհանդիմանեն ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովային և...Սաշայի հին, Բելառուսում արված լուսանկարը կհրապարակեն: Չէ որ նոր լուսանկարը հեշտությամբ կարող է ցույց տալ, թե իրականում ինչ է կատարվում»,-գրել է նա:

Նա նաև նշել է, որ թեև Լապշինի առողջական վիճակը վատթարացել է, նա ծանր դեպրեսիա չունի:

Ընթերցեք նաև.ԱՄՆ-ն պահանջում է Բաքվից հետաքննել կալանավայրում բլոգեր Գալանդարովի մահվան հանգամանքները

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել