«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարավելու դիմում ներկայացրած թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մի քանիսը հայտարարեցին, թե իրենք ինքնաբացարկի որևէ դիմում չեն ներկայացրել և որ այդ մասին առաջինը լրատվամիջոցներից են իմանում: Երեկ ԿԸՀ նիստում «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը հայտարարեցին, որ չեն հրաժարվում իրենց մանդատից:

ԿԸՀ որոշմամբ այդ թեկնածուներից 8-ը մանդատ կստանա՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Վահան Կարապետյանը:

Մյուս 4 թեկնածուների՝ Մուշեղ Սաղաթելյանի, Ալիկ Եղիկյանի, Մանուկ Սուքիասյանի և Հրանտ Դավթյանի ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարվեցին, բայց քանի որ նրանք անցողիկ տեղերում չէին, մանդատ չեն ստանա: «Ծառուկյան» դաշինքը այդպես էլ չի մեկնաբանել տեղի ունեցածը, կատարվածի վերաբերյալ շրջանառվում են ամենատարբեր վարկածներ:

Ի դեպ, ըմբոստացած թեկնածուներից Խաչիկ Մանուկյանի և Նապոլեոն Ազիզյանի հարազատները լրատվամիջոցներին ահազանգել են, որ իրենց տների մոտ կասկածելի մեքենաներ են կայանված, և իրենք վախենում են հաշվեհարդարից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել