Շարունակում ենք գրել 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերի մասին: Նախորդ հոդվածում խոսվեց Իոսիֆ Ստալինի մասին: Այս անգամ կխոսենք Ադոլֆ Հիտլերի մասին: Մարդ, ով միլիոնավոր գերմանացիների հույսն ու հավատն էր և միաժամանակ մի ամբողջ ազգի և համայն մարդկության ողբերգության պատճառը: Մարդ, ով 20-րդ դարի մեկ այլ հրեշ Ստալինի հետ միասին ամենախոշոր պատերազմը սանձազերծեց: Եվ, վերջապես, մարդ, ով Օսվենցիմի, Մայդանեկի, Տրեբլինկայի և բազմաթիվ համակենտրոնացման ճամբարների գազախցիկներում միլիոնավոր հրեաների մահվան հրամանն արձակեց:

Ադոլֆ Հիտլերը ծնվել է 1889թ. ապրիլի 20-ին ավստրիական Ռանսհոֆեն փոքրիկ ավանում: Հիտլերի ծնողները՝ Կլարան և Ալոյիսը, սովորական գյուղացիներ էին: Պատանեկան տարիքում Հիտլերի մայրը մահացել է քաղցկեղից: Դա մեծ հարված էր ապագա ֆյուրերի համար: Հիտլերը պատանեկան տարիքից հետաքրքրություն էր ցուցաբերում արվեստի, մասնավորապես, նկարչության նկատմամբ: Վերջինս, սակայն չկարողացավ ընդունվել Վիեննայի գեղարվեստի ակադեմիա: Հիտլերն այդ շրջանում բավականին համեստ կյանք էր վարում: Նա չուներ մշտական գործ, հետևաբար, մշտական եկամտի աղբյուր: Այդ ժամանակվանից սկսած Հիտլերի մոտ ատելություն էր ձևավորվել հրեաների հանդեպ: Նա բոլոր դժբախտությունների մեղքը բարդում էր հրեաների վրա: Եվրոպայում այդ ժամանակ հրեաներին կասկածամտությամբ էին վերաբերվում և զգուշանում էին նրանցից: Մարդիկ վախենում էին վերջիններիցս՝ համարելով նրանց ժլատ և գող, որոնք նպատակ ունեն իշխել իրենց իսկ էթնիկ բնակչությանը: Հրեաներին նաև եկեղեցին չէր ընդունում, քանի որ մեղադրում էր նրանց Քրիստոսին խաչելու մեջ և շարունակաբար հալածանքների էր ենթարկում:

Հրեաները շուրջ երկու հազար տարի Եվրոպայում ապրելով միևնույնն է տարբերվում էին մնացած էթնիկ խմբերից: Տարբերություններից մեկը պայմանավորված էր կրոնով: Մյուս կարևոր տարբերությունն այն էր, որ հրեաները միջնադարում սեփական հասարակական կառուցվածք ունեին և եվրոպական հասարակարգի մաս չէին կազմում: Այդ իսկ պատճառով նրանք կատարում էին այնպիսի աշխատանք, որը քրիստոնյաները չէին ցանկանում կատարել: Աշխատանք, որը, օրինակ, կապված էր ֆինանսների հետ: Նրանցից խլում էին սեփականությունը, համարում էին անցանկալի տարրեր և սպանում էին: Այդ ժամանակ, սակայն, գործընթացները կազմակերպված բնույթ չէին կրում, այլ հիմնականում տարերային էին: Իրադրությունը փոխվեց 19-րդ դարի վերջում, երբ հակասեմիտականությունն ամբողջական տեսք ստացավ:

Հարկ է նշել, որ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Եվրոպայում հակասեմիտականությունն ավելի լայն տարածում էր գտել: Գերմանացիների մեծ մասը հրեաներին համարում էր օտար և վնասակար «տարրեր», սակայն այդ ժամանակ հրեաները դեռ չէին համարվում բոլոր չարիքների պատճառը: Համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն, Գերմանիայի կրած պարտությունն այդ երկրում հակասեմիտականության հզոր ալիք բարձրացրեց, որը վերջնականորեն նպաստեց ռասիզմի և շովինիզմի միաձուլմանը: Քսանչորս տարեկան հասակում Հիտլերը տեղափոխվեց Մյունխեն, որտեղ բախվեց Առաջին համաշխարհային պատերազմին: Ի տարբերություն շատ գերմանացի զինվորների, ովքեր փորձում էին ամեն կերպ խուսափել պատերազմից՝ Հիտլերն ամբողջովին նվիրվել էր կռվին: Իր ամենահայտնի «Իմ պայքարը» աշխատության մեջ Հիտլերը նշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանն իր կյանքի ամենաանմոռանալի և վեհ շրջանն է եղել: Հիտլերը եֆրեյտոր էր, ով նամակագրական կապ էր ապահովում զորամիավորումների միջև: Հարկ է նշել, որ ծառայության ժամանակ նա զինվորական պարգևներ էր ստացել: 1918թ. հոկտեմբեր ամսին հակառակորդի գազային գրոհի ժամանակ Հիտլերը վիրավորվել է՝ արդյունքում ժամանակավորապես կորցնելով տեսողությունը: Այդ ժամանակ Անտանտի կոալիցիայի զինվորները լուրջ առաջխաղացում էին ունենում: Գերմանացիները նահանջում են: Հիտլերը բուժվում էր Պազևալկ հոսպիտալում: Հոսպիտալում Հիտլերը տեղեկանում է, որ ռազմական ճակատում և բուն Գերմանիայում արմատական փոփոխություններ են տեղի ունենում: Բավականին ծանր է տանում կապիտուլյացիան և երկրում Մոնարխիայի անկումը:

Գերմանիայում ստեղծվում է Վեյմարյան հանրապետությունը: Պատերազմից հետո Հիտլերն իր տեղն է գտնում գերմանական քաղաքական կյանքի թոհուբոհում: 1919թ. սեպտեմբեր ամսին Հիտլերը զինվորականների կարգադրությամբ ներդրվում է «Գերմանական աշխատավորական կուսակցության» շարքերում, որի ղեկավարն էր Անտուան Դրեքսլերը: Մինչ այդ նա արդեն սկսել էր ուսումնասիրել Ֆրեդրիխ Կոնի գրադարանում առկա աշխատությունները, որոնք հակասեմիտական բովանդակություն ունեին: Վերջինս առավել արմատավորեց հրեաների հանդեպ ատելությունը: Ընդհանրապես, պատերազմում կրած պարտությունն անակնկալ էր գերմանական հասարակության համար, քանի որ վերջիններս իրենց անպարտելի էին համարում: Այդ իսկ պատճառով գերմանացիներն այն եզրահանգման եկան, որ պարտության պատճառները պայմանավորված էին ոչ թե արտաքին ուժերով, այլ ներքին ուժերի գործունեության հետևանք էին: Դավաճանության մեջ մեղադրվեցին ձախ կուսակցությունները և հրեաները: Բանն այն էր, որ պատերազմի ավարտի ժամանակ երկիրն ընկղմվել էր հեղափոխական թոհուբոհի մեջ: Գերմանիայում սկսվել էին հակապատերազմական ելույթներ: Այդ գործընթացները ղեկավարում էին ձախական կուսակցությունները, որոնց ղեկավարների մեջ քիչ չէին հրեական ծագում ունեցող գործիչները: Այսպես, օրինակ, 1919թ. հունվարին Բեռլինում Կառլ Լիխտենետը և Ռոզա Լյուքսեմբուրքը կոմունիստական կարգեր հաստատելու համար զինվորական ապստամբություն բարձրացրեցին: Նույն տարվա ապրիլ ամսին Բավարիան իրեն հռչակեց անկախ պետություն, որի ղեկավարը դարձավ ազգությամբ հրեա Էռնս Թոյլերը: Ընդվզումները ճնշելու համար գերմանական կառավարությունը կտրուկ քայլերի դիմեց, և արդյունքում ձախակողմյան ուժերը պարտություն կրեցին:

Այս իրադարձությունների ֆոնին գերմանական հասարակության շրջանում սկսվեց ամրապնդվել այն միտքը, որ հրեաների կողմից հրահրված վերջին խռովությունները պատերազմի պարտության գերմանական կայսրության անկման և Վերսալյան ծանրագույն պայմաններով պայմանագրի պատճառ հանդիսացան: Նրանք կարծում էին, որ պետության համար ամենապատասխանատու պահին հրեաները դավաճանել են իրենց: Հիտլերը նշում էր, որ եթե իրենք պատերազմի ժամանակ գազով թունավորեին 10-15 հազար հրեաների, ապա մի գուցե հնարավոր լիներ խուսափել միլիոնավոր զոհերից: Հիտլերը կորցրել էր բանականության հետ կապը: Հակասեմիտականության նկրտումները սկսեցին տեղ գտնել քաղաքական կուսակցությունների ծրագրերում: Հիտլերն ակտիվ ելույթներ էր ունենում այդ ժամնակվա գերմանական քաղաքական կյանքի անքակտելի մաս կազմող գարեջրատներում: Ելույթների բովանդակության կարևորագույն կետը հակասեմիտականությունն էր, որը վիրավորված գերմանական հասարակությունը հաճույքով ունկնդրում էր և ընդունում: 1920թ. փետրվարին կուսակցությունն անվանափոխվեց և սկսեց կոչվել «Գերմանական նացիոնալ սոցիալիստական աշխատավորական կուսակցություն»: Կուսակցության գաղափարախոսությունը գերմանական նացիոնալ-սոցիալիզմն էր: Լինելով սոցիալիզմի ծայրահեղ դրսևորումներից և տարատեսակներից մեկը՝ այն նաև ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտականության միաձուլումն էր, որի հիմքում մեկ արիական ռասսայի գերակայությունն էր այլոց նկատմամբ: Այսինքն, այդ գաղափարը հստակ ռասիստական բնույթ ուներ, որը հատկապես ուղղված էր հրեաների դեմ: Ընդհանրապես, այդ տիպի գաղափարները հետպատերազմյան Եվրոպայում մեծ տեղ ունեին: Կուսակցությունն ուներ սեփական զինվորական խմբերը, որոնք կոչվում էին «SA»: Խմբերի ղեկավարն էր Էռնստ Ռյոմը, ով հետագայում նույն Հիտլերի հրամանով սպանվեց: Այդ ժամանակ Գերմանիայում իրավիճակը բավականին վատ էր: Երկիրը Վերսալյան ծանր պայմանների պատճառով հսկայական հողեր էր կորցրել և ստիպված էր հսկայական փոխհատուցում վճարել հաղթող կողմերին, որի պատճառով էլ երկիրը կանգնել էր տնտեսական խորը ճգնաժամի առջև:

Հիտլերը, հանրության շրջանում իր աճող հեղինակության հետ մեկտեղ, ծրագրում էր ուժով վերցնել իշխանությունը: 1923թ. նոյեմբեր ամսին տեղի ունեցավ հայտնի «Գարեջրային Պուտչի» փորձը, երբ նոյեմբերի 8-ին Հիտլերը և գեներալ Լյուդենդորֆը գրոհայինների և համախոհների հետ միասին գրավեցին Մյունխենի Բյորգերբրոյկելեր գարեջրատունը: Այդ ժամանակ այդտեղ տեղի էր ունենում Բավարիայի ղեկավար Գուստավ Ֆոն Կարայի հավաքը: Նոյեմբերի 9-ին Հիտլերի գլխավորությամբ զինված խումբը փորձեց գործողություններ սկսել քաղաքում, սակայն շրջափակվեց զինվորականների կողմից: Փոխհրաձգության արդյունքում բազմաթիվ մարդիկ սպանվեցին: Հետագայում տեղի ունեցած դատավարության արդյունքում Հիտլերը հայտնվեց Լանդսբերգյան բանտում: Հատկանշական է, որ դատական նիստերի ժամանակ Հիտլերը զգում էր իրեն ինչպես ձուկը ջրում, քանի որ իր պոպուլիզմի հաշվին նույնիսկ դատավորներն էին հիացած լսում նրան:

Ինն ամիս անց՝ 1924թ. դեկտեմբերին, Հիտլերն ազատ արձակվեց: Ազատության մեջ հայտնվելով, Հիտլերը փոխեց իր կուսակցության պայքարի ուղիները: Նրանք այսուհետև պետք է մասնակցեին քաղաքական գործընթացների և հաղթեին ընտրությունները: 1930-33թթ. նացիստները մասնակցելով ընտրություններին կարողացան ռեյխստագում մեծամասնություն ձեռք բերել: Իշխանությունն աստիճանաբար անցնում էր նրանց ձեռքը: 1933թ. հունվարին Հիտլերը դարձավ ռեյխսկանցլեր: Հետագայում 1934թ. Հինդենբուրգի մահվանից հետո ֆյուրերը միահեծան իշխանություն ստացավ: Մինչ այդ 1933թ. փետրվարին Ռեյխստագի շենքը հրդեհվում է: Նացիստներն այս հանցագործության մեջ իրենց քաղաքական հակառակորդներին են մեղադրում: Հիտլերի ճնշման տակ նախագահ Հինդենբուրգը «Ազգի և երկրի փրկության մասին» դեկրետ է հրապարակում: Դրանով թույլ է տրվում ոստիկանությանը ձերբակալել բոլոր նրանց, ովքեր կհամարվեն ազգի թշնամի: Մի քանի օրվա ընթացքում հիտլերյան ռեժիմն իր քաղաքական հակառակորդների շարքից 4000 հոգու է ձերբակալում: Ժամանակի ընթացքում դրանց թիվն էլ ավելի է աճում: Ձերբակալվածների թիվը պատճառ հանդիսացավ, որ վերջիններիս տեղավորելու համար համակենտրոնացման ճամբարներ կառուցվեն: Մյունխենի ոստիկանապետ Հենրիխ Հիմլերի հրամանով քաղաքից ոչ հեռու գտնվող Դախաու անունն ունեցող վայրում կառուցվեց Դախաուի համակենտրոնացման ճամբարը: Այն բացվեց 1933թ. մարտի 22-ին: Այս համակենտրոնացման ճամբարում իրենց վախճանն էին գտնում ռեժիմին ընդդիմացող քաղաքացիները, մարմնավաճառները, հոմոսեքսուալները, հաշմանդամները, հրեաները, գնչուները, այսինքն՝ բոլոր նրանք, որոնց նացիստները լիարժեք մարդ չէին համարում: Դախաուում սպանվեց շուրջ 70 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, ամբողջ Եվրոպայով մեկ նացիստական ճամբարների և գետտոների թիվը հասնում էր 15-20 հազարի, որոնց կյանքը երկար չէր տևում: Մահացածների մեջ հսկայական թիվ էին կազմում հրեաները, գնչուները, լեհերը:

1933թ. ապրիլի 1-ին Նացիստական կուսակցության անդամները և ակտիվիստները սկսեցին բոյկոտել հրեական խանութները: Վերջիններիս հրեական խանութների վրա իրենց խորհրդանիշ համարվող Դավթի նշանն էին նկարում և մարդկանց կոչ անում միանալ այդ խանութների բոյկոտին: Դա հակահրեական առաջին կազմակերպված ակցիան էր: Ապրիլի 7-ին կառավարությունը հրովարտակ է արձակում այն մասին, որ պետական բոլոր հաստատություններից պետք է ազատվեն հրեական ծագում ունեցող աշխատակիցները: Միայն 1933թ. ընթացքում նացիստները հրեաների դեմ շուրջ 20 օրենք են ընդունել: Այս օրենքների համաձայն՝ հրեաներին արգելվում էր աշխատել որպես փաստաբան, նրանք նաև չէին կարող աշխատել արվեստի և գիտության բնագավառներում: Հրեա դասախոսները վռնդվում էին համալսարաններից, իսկ հրեա ուսանողները սկզբնական շրջանում սովորում էին կես դրույքով, սակայն կարճ ժամանակ անց նրանց մուտքը համալսարաններ ընդհանրապես արգելվեց: Այսպիսով, իր ողջ ուժգնությամբ մեկնարկել էր հրեաների ամբողջական մեկուսացման գործընթացը: Դպրոցներում և այլ կրթական հաստատություններում անգամ «Ռասսայական գաղափարախոսություն» անվամբ նոր առարկա էր ավելացվել: Այդ դասաժամերին դպրոցականներին ծանոթացնում էին «հրեական վտանգին»: Ուսանողները գործնական դասընթացներ էին ունենում, որոնց շրջանակներում իրենց սովորեցնում էին տարբերակել հրեաների գանգի կառուցվածքը: Մայիսի 10-ին գերմանացիներն այրում էին երկրի ողջ տարածքում առկա հրեա և «արիական ռասսային» չպատկանող այլ հեղինակների շուրջ 25 հազար գրքեր: Այդ գործընթացն անձամբ քարոզչության ղեկավար Ժոզեֆ Գեբելսն էր ղեկավարում: 1935թ. սեպտեմբերի 15-ին Նյուրնբերգում ընդունվեց «Գերմանական ազգի արյան և պատվի պաշտպանության» մասին օրենքը, որի համաձայն՝ հրեաները զրկվում էին Գերմանիայի քաղաքացիությունից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Հրեաները ռադիո, հեռախոս կամ պատեֆոն ունենալու իրավունք չունեին, իրենց արգելվում էր օգտվել վերելակից, ինչպես նաև վերջիններիս հետ ամուսնանալը կամ որևէ ազգակցական կապ ունենալը քրեական հետապնդման առիթ կարող էր դառնալ: Հրեաների տներում բացակայում էր էլեկտրաէներգիա, ջուր, գազ:

Հիտլերն իր իշխանության տարիներին զարկ տվեց արդյունաբերությանը, մասնավորապես, դրա ռազմական ճյուղին: Նացիստների տնտեսական քաղաքականությունը բավականին լավացրեց տնտեսական իրավիճակը, որն իր հերթին անդրադարձավ մարդկանց կյանքի որակի լավացման վրա: Կրճատվել էր գործազրկությունը: Զարգացում էր ապրում նաև բժշկությունը և ավտոարդյունաբերությունը: Այլ էր, սակայն, քաղաքական իրավիճակը: Տեռորն այլախոհների և հրեաների հանդեպ շարունակվում էր: Այն մի փոքր մեղմացավ Բեռլինի օլիմիպական խաղերի ժամանակ: Սակայն հետո կրկին ամբողջ թափով առաջ գնաց: 1938թ. նոյեմբերի 10-ին նացիստական գրոհայիններն ամբողջ երկրով մեկ գրոհեցին հրեաների բնակավայրերը: Սպանվեցին հրեաներ: Հազարավորներն ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ: Պաշտոնական առիթը Գերշել Գրինշպանի կողմից Փարիզում դեսպանության աշխատակից Էռնստ Ֆոն Ռատի սպանությունն էր: Իրականում, Հիտլերը հրեաների դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում պարզապես հմտորեն օգտագործեց այդ առիթը: Հիտլերի տեռորն այդ շրջանում իրականում ոչինչ էր այն սարսափի համեմատությամբ, որին մարդկությունը դեռ ականատես էր դառնալու: Գերմանացիների շրջանում Հիտլերի քարոզչության հիմնական կարևորագույն կետերից մեկն այն էր, որ վերջինս հուսահատված և բարոյալքված բնակիչներին խոստանում էր վերականգնել Գերմանիայի հզորությունը և կայսրության նախկին տարածքը: Իր «խոստումը» կատարելու համար Հիտլերը զորքերը մտցրեց Ռեյնի ապառազմականացված գոտի, հրաժարվեց Վերսալից, 1938թ. մարտին բռնակցեց Ավստրիան, աշնանը հերթը հասավ Սուդեթներին, հետագայում ամբողջ Չեխոսլովակիային: 1939թ. օգոստոսի 23-ին, երբ արդեն իսկ ակնհայտ էր ռազմական խոշոր բախումն արևմուտքի այլ երկրների հետ, Խորհրդային Միության հետ կնքվեց հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Այս պակտով երկու կողմերը գործնականում պատերազմ սանձազերծեցին ամբողջ աշխարհում: Համաձայն այդ պայմանագրի գաղտնի մասի՝ ԽՍՀՄ-ը և Գերմանիան իրենց միջև ազդեցության գոտիների բաժանում պետք է իրականացնեին. ԽՍՀՄ-ը չէր խանգարելու Գերմանիային հարձակվել Լեհաստանի վրա, իսկ ԽՍՀՄ ազդեցության տակ էին հայտնվելու Բեսարաբիան, Մերձբալթյան երկրները և Ֆինլանդիան: Այս պայմանագրով Գերմանիան և ԽՍՀՄ-ը դառնում էին ռազմավարական դաշնակիցներ: Պայմանագիրը ստորագրեցին գերմանական կողմից արտգործնախարար Յոահիմ Ֆոն Ռիբենտրոպը և ԽՍՀՄ արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը: Պակտի կնքման պահից օրեր անց՝ 1939թ. սեպտեմբերի 1-ին, Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց համաշխարհային պատերազմը: Մոտ երկու շաբաթ անց լեհերի վրա արևելքից հարձակվեց ԽՍՀՄ-ը: Պատերազմը լավ առիթ էր հրեաների հարցը վերջնականապես լուծելու համար, քանի որ երկրները պատերազմական թոհուբոհի մեջ չէին կարող հրեա փախստականներ ընդունել և իրենց, առհասարակ, քիչ կհետաքրքրեր հրեաների հարցը: Հիտլերը վստահ էր, որ իր հանցագործությունները ոչ ոքի չէին հետաքրքրի: Վերջիվերջո, Լեհաստան ներխուժումից առաջ իր զինվորականության հետ գաղտնի հանդիպման ժամանակ նա իր ամենահայտնի արտահայտություններից մեկն էր արել. «Չինգիզ խանի արածներն ո՞վ է հիշում: Ո՞վ է հիշում այսօր հայոց ցեղասպանության մասին»:

Պատերազմի ժամանակ օկուպացված ամբողջ Եվրոպայում, գլխավորապես Կենտրոնական մասում և Լեհաստանում, տեղի ունեցան հրեաների զանգվածային սպանություններ: Ստեղծվում էին հրեաների համար նախատեսված հատուկ տարածքներ, որոնք կոչվում էին գետտոներ: Այդտեղ կենտրոնացվում էր տվյալ քաղաքի հրեական բնակչությունը: Գետտոները շրջափակված էին լինում ցանկապատերով և այդտեղից գրեթե անհնար էր դուրս պրծնելը: Այդտեղ բացակայում էր հացը, ջուրը, էլեկտրաէներգիան: Մարդիկ դանդաղ մահվան էին դատապարտված: Ամենամեծ գետտոն Վարշավյան գետտոն էր, որտեղ 500 հազար հրեա էր ապրում: Այս մարդկանց մի մասն իր մահը գտավ բուն տարածքում, մի մասն էլ Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարում:

1942թ. Վանզեում տեղի ունեցած գաղտնի ժողովում Հրեական հարցին վերջնական լուծում տալու մասին որոշում ընդունվեց: Բոլոր եվրոպաբնակ 11 միլիոն հրեաներն այլևս դատապարտված էին մահվան: Այդ նպատակով բազմաթիվ համակենտրոնացման ճամբարներ կառուցվեցին: Դրանցից ամենահայտնիներից էին Տրեբլինկան, Բելզենցը, Սոպիբորը և այլք: Չափսերով ամենամեծ և սարսափելի համակենտրոնացման ճամբարը նացիստները կառուցեցին հարավային Լեհաստանում՝ Օսվենցիմ քաղաքի մոտակայքում: «Arbeit macht frei» կամ «Աշխատանքն ազատում է» այսպիսի կարգախոս էր փակցված այդ ճամբարի վրա: Տարբեր աղբյուրների տվյալների համաձայն՝ այս մահվան համակենտրոնացման ճամբարում մոտ 1.5 միլիոն մարդ է սպանվել: Օսվենցիմում մարդկանց սպանում էին գազախցիկներում Ցիկլոն-Բ գազի օգնությամբ: Մահացածներն այրվում էին կրեմատորիաներում: Հրեաներին ոչնչացնելու համատեքստում՝ Օսվենցիմն ամենաարդյունավետ ճամբարն էր: Այնտեղ մահվան դեպքերի թիվը կարող էր հասնել մինչև օրական 9000-ի:

Պատերազմի կեսից պարզ դարձավ, որ Հիտլերը պարտություն է կրելու: Դա առավել ակներև դարձավ 1944թ. ամռանը Նորմանդիայում երկրորդ ճակատի բացումից և դաշնակիցների զորքերի՝ Հյուսիսային Ֆրանսիայի ափ դուրս գալուց հետո: 1945թ. գարնանը ռազմական գործողությունները տեղափոխվել էին բուն Գերմանիայի տարածք: Պատերազմի ավարտից հետո նացիստական բազմաթիվ հանցագործներ, Ռիբենտրոպը, Գերինգը, Կեյտելը և բազմաթիվ այլ դեմքեր 1945թ. նոյեմբերի 20-ին մեկնարկած Նյուրնբերգի դատավարության շրջանակներում ստացան իրենց արժանի պատիժը: Ինչ վերաբերում է Հիտլերին, ապա նա դեռևս 1945թ. ապրիլի 30-ին, գտնվելով իր ապաստարանում, կնոջ՝ Եվա Բրաունի հետ ինքնասպան եղավ՝ այդպես էլ պատասխան չտալով մարդկության դեմ կատարած իր հանցագործությունների համար: Ընդհանուր առմամբ, Հիտլերյան Գերմանիայի կողմից ոչնչացվեց, տարբեր տվյալներով, շուրջ 6 միլիոն հրեա, սանձազերծվեց պատերազմ, որի զոհ դարձավ շուրջ 40 միլիոն մարդ:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել