Image result for նավթԱդրբեջանական նավթային քաղաքականության մասին խոսելով չենք կարող շրջանցել այն կարևոր դերակատարումը, որն ունի նավթագազային գործոնը աշխարհաքաղաքական զարգացումների վրա: Փորձենք փաստական որոշակի դրույթների միջոցով տալ աշխարհաքաղաքական այդ տարածաշրջանի նավթային ուղղությունները:

Ազերի-Չիրագ-Գյունեշլից դաշտի նավթարդյունահանման հետ կապված խնդիրները համարժեք հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ 2006-ի վերջ, 2007-ի սկիզբ և հարցը դիտարկել տարածաշրջանային էներգետիկ և աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստում:

British Petroleum ընկերությունն Ադրբեջանի իշխանություններին ներկայացրեց նավթադաշտի արդյունահանման իր մշակած համալիր եռափուլ ծրագրի դրույթները` այսպես կոչված «Սպիտակ գիրքը» (White papers): BP այս առաջարկի ամենաուշագրավ առանձնահատկությունն այն է, որ Ազերի-Չիրագ-Գյունեշլից արդյունահանման համալիր ծրագրի իրականացումն այստեղ պայմանավորվում էր մի շարք այլ խնդիրներով` մեկ միացյալ փաթեթի շրջանակներում: Դատելով որոշ նյութերից, այդ թվում՝ Wikileaks-յան հաղորդագրություններից, AIOC կոնսորցիումի կողմից Ազերի-Չիրագ-Գյունեշլի համալիր նավթարդյունահանման խնդիրը BP-ն կապում էր. 1994թ. ստորագրված դաշտի շահագործումը կանոնակարգող Արդյունքի բաշխման hամաձայնագիրով սահմանված AIOC կոնսորցիումի աշխատանքների ավարտական ժամկետի երկարացման, Կասպիցի գազային պաշարների, այդ թվում՝ այսպես կոչված «ԱՉԳ խորքային գազի»՝ BP-ի կողմից արդյունահանման նպատակահարմարության: Ադրբեջանին սեփական կարիքների ու արտահանման համար գազամատակարարման ապահովման խնդիրների, պետական SOCAR ընկերության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության, ինչպես նաև Ադրբեջանում իրականացվող AIOC կոնսորցիումի ոչ նավթային, սոցիալական/քաղաքական բնույթի ծրագրերում մասնակցության հստակ սահմանման խնդիրների հետ:

Ի հավելումն այս դրույթների և ամրապնդելու համար սեփական դիրքերը՝ 2007թ. սկզբին BP-ն վերանայեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթի ապացուցված պաշարների իր գնահատականը՝ բարձրացնելով այն մոտ 4 անգամ և հասցնելով մինչև 9 մլրդ բարելի: Նավթադաշտի արդյունահանելի նավթի պաշարներն այդ ժամանակ գնահատվեցին 5.4-6.3 մլրդ բարել, ինչը, սակայն, բոլորովին չանդրադարձավ Ադրբեջանի նավթի ընդհանուր ապացուցված պաշարների գնահատականի վրա:

BP-ի «փաթեթային» այս առաջարկը մինչև 2008թ. օգոստոսի 8-ը Ադրբեջանի իշխանությունները միանգամայն իրավացիորեն որակում էին որպես «շանտաժ»: Թեև այսպիսի մոտեցումը, իհարկե, բխում էր ընկերության կորպորատիվ շահերից ու միանգամայն համահունչ էր ածխաջրածինների ռեսուրսային կցորդ հանդիսացող երկրներում վարվող քաղաքականության ընդհանուր տրամաբանությանը, այն չէր բխում Ադրբեջանի բնակչության շահերից: Բայց այս իրադրության հատկանշական գիծն այն էր, որ BP «փաթեթային առաջարկի» որոշ կողմեր միահյուսվում էին տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության որոշակի տարրերի հետ՝ ստեղծելով փոխկապակցված հարցերի բարդ կծիկ:

Սկսած 2007-ից՝ միանգամայն համահունչ «Ալիևի դոկտրինի» դրույթներին՝ Ադրբեջանը ձեռնամուխ է լինում իր գազային պաշարները որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքականության առավել ճկուն լծակ օգտագործելու ծրագրին: Ենթադրվում էր, որ ադրբեջանական (հեռանկարում՝ նաև թուրքմենական) գազը պետք է դուրս մղի տարածաշրջանում ռուսական (և իրանական) գազը, ամրացնի երկրի դիրքը տարածաշրջանում՝ ամրապնդելով «Հարավային Կովկասի էներգետիկ կամուրջ» ծրագիրն Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Իսրայել առանցքով, վարժեցնի Թուրքիային ադրբեջանական գազը ԵՄ հասցնելու գործում բացառապես տարանցման, այլ ոչ թե «գնող-վաճառող» երկրի դերակատարմանը: Առավել ևս, որ ԱՄՆ իշխանական և կուսակցական տարբեր օղակները, այդ թվում՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, էական ճնշում էին բանեցնում Ադրբեջանի վրա, որպեսզի ապահվվի 2006-07թթ. ձմեռները Վրաստանում «տաք» ու անցնցում անցկացնելու մարտավարական խնդիրը, իրականացվի ՌԴ-ից ստացվող գազից Վրաստանը «կտրելու», նրան դեպի Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել ու ԵՄ «էներգետիկ կամուրջն» ուղղորդելու ռազմավարական ծրագիրը և ամրապնդվի Թուրքիայի նոր, ռազմավարական նշանակության դերակատարումը «Մեծ Միջին Արևելքի» տարածաշրջանում գալիք կարևորագույն գործընթացներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել