Ապրիլի 28-ին ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի կազմակերպած «Ճանաչենք Սարոյանին» խորագրով դասախոսությունների շարքի երրորդ հանդիպումը: Դասախոսությունը կարդաց թարգմանչության ոլորտում բազմամյա փորձ ունեցող, Վ. Սարոյանի մի շարք ստեղծագործությունների թարգմանիչ Արամ Օհանյանը: Դասախոսությունը, որը կրում էր  «Վ. Սարոյան. գրական հանդիպումներ» վերնագիրը, լույս սփռեց մեծն գրողի անցած գրական ուղու վրա, հնարավորություն տվեց մասնակիցներին միանգամայն նոր տեսանկյունից ծանոթանալու Սարոյանի գործունեությանն ու ստեղծագործություններին:

Պարոն Օհանյանը ներկայացրեց այն գրողներին, որոնց ստեղծագործությունները կերտել են Սարոյանի գրական ճաշակը և ազդել են նրա գրելաոճի ձևավորման վրա, ապա նա անդրադարձավ խմբագիրներին, որոնց ձեռքի տակով անցել են Սարոյանի ստեղծագործությունները, ներկայացրեց նրանց ներդրումն ու ավանդը գրողի հրատարակման գործում: Շարունակելով դասախոսությունը՝ Արամ Օհանյանը բացահայտեց մասնակիցների համար անհայտ հիփփի Սարոյանին, ով հիփփիների շարժման ի հայտ գալուց տարիներ առաջ արդեն իսկ արտահայտել էր հիփփիներին բնորոշ գաղափարներ: Առաջ անցնելով՝ Օհանյանը շեշտեց, որ Սարոյանը արդեն ինքն  էր սկսել օժանդակություն ցուցաբերել նորահայտ գրողներին, որոնք ստեղծագործություններում ակնհայտ երևում է Սարոյանից կրած նրանց ազդեցությունը:

Իսկ դասախոսության ավարտին մասնակիցներին ցուցադրվեցին Սարոյանի կյանքի հետաքրքիր դրվագները պատկերող նկարներ, ինչպես նաև գրողի նամակը՝ ուղված ոչ պակաս հայտնի գրող Ռեյ Բրեդբերիին, ով նույնպես կրել է սարոյանական ազդեցությունը  և մի պատմվածք է գրել նվիրված նրան:

Դասախոսությունից հետո ուսանողները, ուղղելով հարցեր պարոն Օհանյանին և ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները, հեռացան մտորելու հայտնի գրողների անհայտ կողմերի մասին:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել