Ազնավուրի թանգարանի տարածքը նվիրաբերվել է հիմնադրամինPanARMENIAN.Net-ը գրում է.

ՀՀ կառավարության որոշմամբ Երևանում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի համար նախատեսված տարածքը և հարակից հողամասը նվիրաբերվել են «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով:

ՊԳԿ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 28-ին Պետական գույքի կառավարման վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ հանդիսավորությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուրը» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը, որը Շառլ Ազնավուրի որդի՝ Նիկոլա Ազնավուրի կինն է:

Ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն և կցուցադրվեն արվեստի և մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով: «Ազնավուրը» հիմնադրամի երևանյան մշակութային կենտրոնում կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ֆրանսերեն լեզվի դասընթացներ, սոցիալական այլ ծրագրեր կիրականացվեն: Կենտրոնում նաև ձայնագրման ստուդիաներ և գրասենյակներ կգործեն:

ՀՀ կառավարությունը մարտի 23-ի նիստում որոշման նախագիծ է ընդունվել, որով Անտառային փողոցի 11/4 հասցեում գտնվող, 669 միլիոն դրամ սկզբնական արժեքով Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման, սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասը կնվիրաբերվի «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել