Image result for lavrov mammadyarov nalbandyanԱպրիլի 28-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում դժվար որևէ առարկայական բեկում մտցնեն ԼՂՀ հարցի կարգավորման գործում։ Սրանք շատ ավելի, այսպես ասած, մարզավիճակը վերականգնելու, տևական դադարից հետո նորից բանակցությունների վերաբերյալ միմյանց զարկերակ շոշափելու առիթ են, ինչը Նալբանդյանն ու Մամեդյարովը հաստատ կանեն։ Ցավոք սրտի, բանակցությունները միայն դրա ֆոնը ստեղծելու իմիտացիա են, քանի որ նախ՝ շուրջ քսան տարի տևող այդ գործընթացի ընթացքում ոչ մի էական բան չի գրանցվել, և երկրորդ՝ պետությունների քաղաքական իշխանությունների՝ միմյանց հանդեպ տրամադրվածությունը ոչ մի լավ բան առայժմ չի խոստանում։ Մի քանի օր առաջ Ադրբեջանը ստացել է Ռուսաստանից ռազմական տեխնիկայի հերթական չափաբաժինը, որը նրան հասնում է ռուս-ադրբեջանական պայամանագրով։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը չի հրաժարվել ու չի հրաժարվում ռազմական հռետորաբանությունից ու որպես վերջին տարբերակ՝ հարցը ուժային տարբերակով լուծելուց, ինչն էլ փորձեց ապրիլին, բայց չստացվեց։ Ինչ մնում է Հայաստանին, ապա Հայաստանն էլ ապրիլից հետո զգալիորեն կոշտացրել է իր դիրքորոշումն ու փաստացի այսօր Ադրբեջանի հետ բանակցությունների նպատակահարմարություն չի տեսնում։ Ստեղծված պարագայում ի՞նչ կարող է անել պաշտոնական Մոսկվան։ Կարծում ենք՝ բացի սիմվոլիկ զսպումներից՝ ուրիշ ոչինչ, քանի որ հարցի խաղաղ կարգավորման համար երկու պետությունների ղեկավարներն էլ պետք է հրաժարվեն այն հռետորաբանությունից ու պահանջներից, որոնք մինչ այժմ ունեն իրար հանդեպ։ Քանի դեռ այստեղ փոփոխություն չկա, ոչ մի էական տեղաշարժ չի լինելու բանակցություններում։ Իսկ հռետորաբանության փոփոխություն կարող է լինել միայն մի դեպքում, երբ երկու երկրներից մեկում ներքաղաքական լուրջ փոփոխություններ լինեն։ Առայժմ թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և թե՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը կայուն են իրենց երկրներում, ուստի նման սցենար ակնկալելը այս պարագայում միամտություն կլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել