««Դաշնակցության» հետ Հանրապետական կուսակցության հերթական կոալիցիան մնում է անորոշության մեջ այն առումով, որ դեռ չի կոնկրետացվում, թե այս անգամ որ նախարարություններն են տալու նրանց, քանի նախարարություն են տալու, և ովքեր են լինելու ՀՅԴ նախարարները: Այդ քննարկումներն առայժմ ընթանում են ամենաբարձր մակարդակում՝ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև: Երբեմն նաև վարչապետ Կարեն Կարապետյանն է ներգրավվում այդ քննարկումներին: Իսկ մինչ այդ տեղեկություններ են շրջանառվում, որ Կ.Կարապետյանին դուր չի գալիս ոչ միայն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը, այլև այդ կուսակցության նախարարների թեկնածուները: Խոսքը վերաբերում է հատկապես գործող նախարարներին, մասնավորապես, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին ու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կ.Կարապետյանը ՀՅԴ-ին առաջարկում է նախարարների ավելի երիտասարդ թեկնածուներ ներկայացնել: Ավելին՝ ՀՅԴ-ին անգամ նա է նախարարացուներ առաջարկում ոչ թե այդ կուսակցությունից, այլև իր շրջապատից, այնպես, ինչպես դա արել է Գյուղատնտեսության, Էներգետիկայի կամ Տրանսպորտի և կապի նախարարների դեպքում: Նա ՀՅԴ-ին առաջարկում է իրենց քվոտայով այդ մարդկանց նշանակել նախարար, փոխարենը նրանք կանդամագրվեն այդ կուսակցությանը, ինչպես դա եղավ իր և իր ներկայացրած նախարարների դեպքում՝ նրանք նշանակվեցին իրենց պաշտոններին, հետո նոր անդամագրվեցին ՀՀԿ-ին: Բայց Կ. Կարապետյանն այդ հաշվարկներում այնքան էլ հեռատես չի գտնվել, քանի որ ՀՅԴ-ն մի փոքր տարբերվում է մյուս կուսակցություններից այն առումով, որ այդ ուժին անդամագրվելը շատ ավելի բարդ ընթացակարգ է ենթադրում՝ ընդհուպ մինչև զենքի վրա երդվելը: Եվ նրանք «Օրինաց երկիր» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պես նման տարբերակի չեն գնում, որ իշխանությունները նրանց քվոտայով մեկին նախարար նշանակեն, հետո անդամակցեն այդ կուսակցությանը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, ապա «Դաշնակցությունն» այս անգամ մի քանի պորտֆել ավելին է ուզում, քանի որ այս ընտրություններին՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ, մի քանի տոկոս ավելի ձայն, և մի քանի լրացուցիչ մանդատ է ստացել: ՀՅԴ-ն ուզում է ունենալ 4 նախարարի ու 3 մարզպետի պաշտոններ: ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրենք հակված չեն ավելացրել ՀՅԴ-ի պորտֆելները, քանի որ դրանց քանակը համապատասխանում է նրանց ստացած քվեներին: Պարզապես մեկ տարի առաջ են իրենց ունեցած քվեների համեմատ ավելի շատ տվել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել