«ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացել է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադևոսյանը, որը առավել հայտնի է Մեմիրի Ռաֆո անունով: 42-ամյա կալանավորի մահը տարաբնույթ հարցերի տեղիք է տվել:   Ըստ Ռաֆայել Թադևոսյանի հարազատների՝ նա առանձնապես չի դժգոհել իր առողջական վիճակից: Ուստի հարց է առաջանում՝ ինչի՞ց է մահացել Ռաֆայել Թադևոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական բաժնից հայտնեցին, որ ՔԿՀ այցելած շտապօգնության աշխատակիցները կալանավորի մոտ արձանագրել են կենսաբանական մահ` հավելելով, որ, այնուամենայնիվ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչի հետևանքով է կալանավորը մահացել: Սակայն այս պատմության մեջ մի շարք ուշագրավ հանգամանքներ կան, որտեղ էլ իրականում թաղված է շան գլուխը: Բանն այն է, որ Ռաֆայել Թադևոսյանի դիահերձումը իրականցվել է բավականին օպերատիվ կերպով: ՔԿՀ-ից զանգահարել են հարազատներին և ասել, որ Ռաֆայել Թադևոսյանը մահացել է, այնուհետև նրա դին շտապ տարել են դիահերձման: Ըստ էության, ո՛չ կալանավորի պաշտպանը, ո՛չ հարազատները չեն տեսել, թե ինչ վիճակում է գտնվել Ռաֆայել Թադևոսյանի դին: Միգուցե նրան սպանե՞լ են կամ այլ հանգամանք կա՞, որը տեսականորեն կարող է թաքցվել: Բացառված չէ, որ նրա մահվան վկայականում գրվի այն, ինչ «անհրաժեշտ է», այլ ոչ թե այն, ինչ կա իրականում: Մի խոսքով, Ռաֆայել Թադևոսյանի մահվան հանգամանքները մնում են օդից կախված. ինչո՞ւ ՔԿՀ-ում շտապեցին արագ դիահերձել կալանավորին»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել