Միշտ խնամված, գեղեցիկ, կանացի. այսպիսին է հեռուստադիտողն ու թատրոնի հանդիսատեսը ճանաչում սիրված դերասանուհի Անի Քոչարյանին: Դերասանուհին ներկայումս խաղում է Յուքոմ ցանցի ներսում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի լավագույն նախագծերից մեկում՝ «Չեյնջ» սիթքոմում:

Դերասանուհին մարմնավորում է Աղունին՝ իշխող ու ազդեցիկ մի կնոջ, ով գլխավոր հերոսի մայրն է. «Աղունը շատ է սիրում իր տղային, այնպես, ինչպես ցանկացած մայր կսիրի իր զավակին: Պարզապես նա, սիրող մայր լինելուց բացի, նաև իր տեսակով իշխող կին է»,- ասում է դերասանուհին իր կերպարին ներկայացնելիս: Մեր այն դիտարկմանը, որ Աղունի մոր տեսակը հատկապես հայ մայրերին է հատուկ, դերասանուհին այսպես պատասխանեց. «Առհասարակ, մայր ասելով հասկանում ենք մեկին, ով փայփայում, հովանի է լինում իր զավակին: Ես այն կարծիքին եմ, որ հենց դրա համար էլ կա մայրը:

Սակայն, այո՛,  կա կանանց մի տեսակ, նկատի ունեմ՝ առհասարակ, ոչ միայն մայրերի մեջ, որը մի փոքր ավելի հեղինակություն ունի իր ընտանիքում, ում խոսքը որոշիչ է: Բայց կա նաև ճիշտ հակառակը: Կոնկրետ իմ հերոսուհու մասին եթե խոսեմ, ապա նա այդպիսի «տղամարդ» կին է, որովհետև ամուսին չունի և իր որդու համար երկու ծնողի դեր է տանում: Իսկ եթե խոսենք առհասարակ ընտանիքի ճիշտ ձևաչափի մասին, ապա ես այն կարծիքին եմ, որ ընտանիքում գլխավոր խոսքը միշտ պետք է տղամարդունը լինի»:

Դերասանուհու հագեցած աշխատանքային պրոցեսի մեջ ընտանիքն ու որդին շարունակում են մնալ առաջին պլանում: Անի Քոչարյանը համաձայն է այն պնդման հետ, որ որքան հագեցած է կնոջ օրը, այնքան նա շատ բան է հասցնում: Այն հարցին, թե ինչով է լրացնում ազատ ժամանակը, դերասանուհին նշում է, որ այդպիսի ժամանակ չի ունենում, քանի որ աշխատանքից հետո իր ողջ ժամանակը նվիրում է ընտանեկան հոգսերին, ամուսնուն ու որդուն, ով անցումային տարիքում է. «14 տարեկան է տղաս, բարդ անցումային շրջան է, երբ նրա հանդեպ առավել մեծ ուշադրություն է պահանջվում: Ես փորձում եմ նրա հետ ընկեր լինել: Կարծում եմ՝ մենք լավ ընկերներ ենք»:

Գեղեցկության մասին դերասանուհին ունի իր պատկերացումները և այն կարծիքին է, որ գեղեցիկ մարդ ասվածը մարդու արտաքինի հետ կապ չունի: Մարդը գեղեցիկ պիտի լինի ներսից: «Վատը միշտ էլ ակնհայտ է: Լավը, բարին, գեղեցիկը նկատելն է հիմա դժվար դարձել մարդկանց համար: Բայց չէ՞ որ լավը գնահատելու կարողությունն է, որ մեզ ներսից գեղեցկացնում է: Ես այն կարծիքին եմ, որ ամեն դեպքում գեղեցկություն ասվածը մարդու ներսից է գալիս, որն էլ արտաքինի վրա է անդրադառնում: Փոքր, շատ փոքր լավ բաները նկատելն ու դրանցով ուրախանալն իսկապես մեծ երջանկություն է: Կարծում եմ, որ եթե մարդն անգամ չունի համաչափ, անթերի դիմագծեր, սակայն իր մեջ դրական էներգիա է կրում, ապա այդ մարդն, անկասկած, գեղեցիկ է»:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել