Image result for poroshenko aliyevՈւկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ադրբեջանական տնտեսվարող 17 սուբյեկտների դեմ, որոնք, խախտելով Ուկրաինայի «Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին» օրենքը, ապրիլի 20-22 մասնակցել են Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին: Յալթայում Բաքուն բավական ճոխ է ներկայացված եղել: Համաժողովին մասնակցել են Ադրբեջանի բանկերի ասոցիացիան, Ադրբեջանի միջազգային բանկը, Ադրբեջանի պետական նավթային կորպորացիան (SOCAR), Ադրբեջանի Առևտրային ներկայացուցչությունը ՌԴ-ում, խոշորագույն Azersun Holding և Azerbaijan Methanol ընկերությունները և այլն:
Այս հարցին չէի անդրադառնա, եթե նույն Իլհամ բեյի գրպանային կայքերը գրեթե ամեն շաբաթ չանդրադառնային հայ-ուկրաինական հարաբերություններին, չհիշեցնեին իրենց ընթերցողներին, որ Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովի և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պատմական հայրենիքը՝ Հայաստանը, ժամանակին, երբ ՄԱԿ-ում քվեարկում էին Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը, դեմ է քվեարկել: Նույն ալիևյան մամուլը Ղրիմը ներկայացնում է ՌԴ-ի կողմից օկուպացված տարածք՝ հաճոյանալով Կիևին:
Չմոռանանք, որ Ուկրաինան «Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին» օրենքը գրեթե արտագրել է Ադրբեջանի նույնաբովանդակ օրենքից: Ուկրաինայի ԱԳՆ-ն իր «սև ցուցակ»-ի գաղափարը ևս ընդօրինակել է Բաքվի տխրահռչակ «սև ցուցակ»-ից: Ղրիմում տնտեսական գործունեություն ծավալողների դեմ քրեական գործերը Պորոշենկոն ևս վերցրել է Իլհամ Ալիևի օրինակից:
Մասնակցելով Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին՝ պաշտոնական Բաքուն գործով ապացուցեց, որ նրա համար միևնույն է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դե ֆակտո Ադրբեջանի համար Ղրիմը ՌԴ տարածք է և նա այնտեղ բավական ակտիվ փորձում է ներդրումներ անել, ինչպես նաև թքած ունի Ուկրաինայի ԱԳՆ-ի «սև ցուցակ»-ի վրա: Դե յուրե Ադրբեջանը ծիծաղում է Կիևի վրա:
Իլհամ բաբան իր այս քայլով բոլորին ապացուցեց, որ երկերեսանիի մեկն է: Որ նրա խոսքերի և գործերի միջև սարերի տարբերություն կա:
«Ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկում իր փորած փոսի մեջ»: Այն, ինչ խորհուրդ էր տալիս Ալիևը Պորոշենկոյին, հիմա վերջինս կիրառելու է Ադրբեջանի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել