1936 թվականի Բեռլինի օլիմպիական խաղերին ներկա էին հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Ամերիկայից ժամանած զբոսաշրջիկ Կարլա դը Վրիսը: Երբ 1500 մետր ազատ ոճի լողում հաղթեց գերմանացի լողորդը, բոլորը ցնծության մեջ էին, իսկ Կարլան պահը բաց չթողեց, կտրեց-անցավ անվտանգության աշխատակիցների պատն ու նետվելով Հիտլերի վրա՝ համբուրեց նրան: Դրանից առաջ էլ Հիտլերի պահակախումբը մի քանի անգամ ստիպված էր եղել կնոջը ետ ուղարկել, քանի որ նա պարբերաբար ցանկանում էր մոտենալ Հիտլերին:

Համբույրի պահը նկատեցին գրեթե բոլորը. 20.000 հանդիսատես ուղղակի պոռթկաց ծիծաղից, իսկ քանի որ Հիտլերն այդ պահին բարձր տրամադրություն ուներ, նա ևս միացավ մյուսներին, ծիծաղեց ու ծափահարելով ետ ուղարկեց կնոջը: Լրագրողներն այդ պահը անգամ հասցրել են տեսանկարել:

Կարլա դը Վրիսը 40-ամյա ամերիկացի զբոսաշրջիկ էր, ով ամուսնու հետ եկել էր Եվրոպայով մեկ ճամփորդելու: «Բոլորը հարցնում են, թե ինչու այդպես վարվեցի: Ինչո՞ւ: Ես գրկեցի ու համբուրեցի Հիտլերին, որովհետև շատ ընկերական ու հաճելի տեսք ուներ այդ օրը: Մարդիկ այնքան բարձր էին ծիծաղում ու ծափահարում, որ համբույրից անմիջապես հետո ամուսնուս խնդրեցի, որ արագ հեռանանք: Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչու այդպես արեցի: Անշուշտ, նախօրոք չէի պլանավորել, ուղղակի ես շատ անկանխատեսելի կին եմ: Պատահեց այնպես, որ սկզբից ներքև իջա, որպեսզի իմ փոքրիկ ֆոտոխցիկով լուսանկարեմ Հիտլերին: Նա այնպես էր ժպտում, որ չդիմացա ու օլիմպիական խաղերի տոմսս մեկնեցի նրան, որպեսզի վրան ստորագրի: Անգամ ստորագրելուց հետո նա դեռ ժպտում էր, և այդպես որոշեցի համբուրել նրան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել