Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրում եմ Արաբկիր վարչական շրջան՝ տեղում ծանոթանալու այստեղ տիրող բառդակին: Ես էսքան ժամանակ չեմ հանդիպել առավել անպատասխանատու ու ոչ կոմպետենտ կառույցի, քան Արաբկիրի թաղապետարանն է՝ յուր ղեկավար Հովհաննես Վարդանյանով հանդերձ: Տիրող անգործության մասին ներկայացնեմ հնարավորինս պատկերավոր: Լուսանկարներում ներկայացված է այն հատվածը, որի մասին արդեն մեկ տարուց ավել է՝ գրում ու խոսում եմ: Խնդրի մասին 1 տարուց ավել թաղապետի մակարդակով տեղյակ են Արաբկիրի թաղապետարանում, թեժ գծի միջոցով տեղյակ է նաև քաղաքապետարանը, բայց, ինչպես տեսնում եք, սայլը տեղից չի շարժվում: Քանդուքարափ ճանապարհ, բոմժանոց, ալկաշնոց ու աղբանոց հիշեցնող այս հատվածը գտնվում է Արաբկիրի թաղապետարանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա: Խորհրդային տարիներին այս հատվածում հարմարավետ այգի էր՝ շատրվաններով ու սրճարանով: Տարածքում էր գտնվում նաև Պարիս Հերունու ղեկավարած Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը։ Հետո ԽՍՀՄ-ը փլուզվեց, այգին անտերության մատնվեց, իսկ Հերունու մահից հետո գիտնականի կողմից այդտեղ տեղադրված հին հայկական արևային, լուսնային և աստղային ժամացույցը վերածվեց ալկաշ թափառաշրջիկների օղու սեղանի (լուսանկարներում պարզ երևում է նրանց խումբը. դրանք արված են տարբեր օրերի): Քիչ է, որ հուշարձանն ու դրա վրայի արձանագրությունները քիչ-քիչ ոչնչանում են, այն նաև հարբեցողներ հավաքատեղիի է վերածվում, որտեղից պարտադիր կերպով հնչում են հայհոյանքներ, երբեմն էլ բանը հասնում է ծեծկռտուքի: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս քաոսային վիճակը Արաբկիրի թաղապետարանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա է գտնվում:
Պարոն Մարգարյան, միայն քարոզարշավների ժամանակ գեղեցիկ խոսքեր շռայլելը քիչ է: Այս իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին Դուք եք: Դուք պետք է թաղապետին կարգի հրավիրեք, տաք իրավասություն ու միջոցներ, որ նա էլ պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները: Նրանից այս մի տարվա ընթացքում նույն հերթապահ պատասխանն եմ լսել․ «Տարածքը մասնավոր է, եթե սեփականատերը չբարեկարգի, նոր կդիմենք քաղաքապետարան, որ այն վերադարձվի համայնքին»: Մի տարի է՝ դիմում են․․․
Այս վիճակը առաջին տարին չէ: Ձեր ողջ կառավարման ընթացքում, դեռ մի բան էլ առաջ, սա եղել է, բայց ոչ մեկին չի հետաքրքրել: Չի հետաքրքրել, որովհետև պատասխանատուներն ու նրանց ընտանիքի անդամները այս հատվածով չեն երթևեկում, շուկա չեն գնում, նրանց մայրերն ու կանայք այդ հարբեցողների հայհոյանքները ստիպված չեն լինում լսել, վստահ եմ՝ նրանցից շատերն անգամ չգիտեն՝ ով է Պարիս Հերունին, և ինչ է արևային ու լուսնային ժամացույցը:
Այս մասին անվերջ կարելի է գրել, բայց սահմանափակվեմ այսքանով: Ներկայացված լուսանկարներն ինքնին խոսուն են: Ոչինչ, որ օղուց ու վրան ջարդած շշերից վնասված արձանագրությունները չկարողանաք կարդալ, կարող եք անձամբ գալ ու տեղում տեսնել դրանք: Եթե թաղապետը ճանապարհը չգտնի, ես կուղեկցեմ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել