Image result for китай и мусульманиՉինաստանի Սինցզյան-ույգուրյան ինքնավար մարզում տեղի բնակիչներին արգելել են իրենց երեխաներին անվանել անջատողական և ծայրահեղական ենթատեքստեր ունեցող անուններով։

Արգելված անունների ցուցակում տեղ են գտել Իսլամ, Ղուրան, Մեքքա, Ջիհադ, Իմամ, Սադամ, Հաջ և Մեդինա անունները:
«Պարզապես պահեք կուսակցության գիծը: Այդ անուններով մարդիկ բնակության վայրում գրանցում չեն ստանա»,- արգելքը մեկնաբանել է ոստիկանական պաշտոնյան: Նրա խոսքերով` գրանցում չունեցող երեխաները չեն ստանա պետական կրթություն, ինչպես նաև առողջապահական ծառայություններ և սոցպաշտպանություն:

Չինաստանի այս քայլը բորբոքելու է ողջ մահմեդական աշխարհին ու առաջացնելու է քննադատության ալիք։ Պեկինն ունի լայն տնտեսական հարաբերություններ մահմեդական աշխարհի հետ, առաջին հերթին՝ Արաբական թերակղզու երկրների` Սաուդյան Արաբիա, ինչպես նաև Իրանի` իսլամական աշխարհի այդ երկու կենտրոններից չինական տնտեսությունը միլիոնավոր բարելների նավթ է գնում ու ունի միլիարդավոր դոլարների պայմանագրեր ու ներդրումներ։ Նույն էներգետիկ-տրանսպորտային կապերով է Պեկինը «կապված» սահմանակից Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրների հետ, որտեղից թուրքմենական և ղազախական էներգակիրներ է ստանում ու այդ երկրները ցամաքային մետաքսի ճանապարհի ու Տրանսկասպյան միջանցքի տարրերն են հանդիսանում։ Մահմեդական խոշոր երկրներ, որտեղ չինական կապիտալը ներկայացված է ու Պեկինն ունի աշխարհաքաղաքական շահեր գտնվում են նաև Ասիայում` Մալազիան ու Ինդոնեզիան։

Բացի այդ՝ ռազմա-քաղաքական դաշնակից է այնպիսի ազդեցիկ մահմեդական երկիր, ինչպիսին Պակիստանն է։ Սակայն հաշվի առնելով վերոնշյալ երկրների տնտեսական և աշխարհաքաղաքական հետաքրքրությունները՝ Պեկինի հետ պահպանելու լավ հարաբերություններ` իսլամական աշխարհը կարող է սահմանափակվել զուտ դիվանագիտական հայտարարություններով կամ որոշակի «հասարակական դժգոհություն» ներկայացնելով ԶԼՄ-ներով ու այլ հարթակներով։

Ույգուրների հարցով ամենաշահագրգռված կողմը Թուրքիան է, որը միշը կոշտ քննադատության է ենթարկում Չինաստանին` ույգուրական խնդրի համար, հանդես գալով պանթուրքական և պանիսլամական շահերի պաշտպանի դերում՝ Անկարան, Էրդողանի իշխանության օրոք հատկապես, բարձրաձայնելու է այդ խնդիրը զուտ PR տեսանկյունից։ Ոչ ոք չի ցանկանա խզել կապերն ու կորցնել միլիարդանոց շուկան` ի դեմս Չինաստանի, որն այս պահին գերտերություն է ու ՄԱԿ-ում ունի վետոյի իրավունք. ԱԽ-ի անդամ է։
Մահմեդական աշխարհն` ի դեմս պետությունների, կարող է սահմանափակվել դիվանագիտական կամ այլ մակարդակի քաղաքական հայտարարություններով, սակայն իսլամիստական ու ահաբեկչական կազմակերպությունները` հատկապես ույգուրական, որոնք այս պահին ակտիվ են Սիրիայում, ու նրանց անդամները կարող են վերադառնալով հետ` Չինաստանի իշխանությունների վերոնշյալ գործողությունների ֆոնին ոտքի հանել «ույգուրական փողոցը» ու հանդես գալ անջատողական կոչերով ու դիմել ծայրահեղ քայլերի` ահաբեկչական գործողությունների Սինցզյանում տեղի չինացիների կամ ոստիկանական ու ուժային բլոկի այլ ինստիտուտների դեմ։
Չինաստանի իշխանությունները վերջերս Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում, որտեղ տարածված է իսլամը, արգելել են կրել բուրկի՝ ավանդական մուսուլմանական հագուստ, որը ամբողջությամբ փակում է դեմքը։ Այս արգելքը բացատրել են անհանգիստ տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարով, հայտնում է The Independent-ը։

Օդանավակայաններում ու երկաթգծային կայաններում ծառայողները պարտավոր են լինելու կանանց իրազեկել բուրկի հագնելու արգելքի մասին։ Նաեւ արգելվում է պահել մորուք, որը բնորոշ չէ չինական մշակույթին։ Նահանգի որոշ շրջաններում այդ արգելքն արդեն գործում է, օրինակ, բուրկիով կնոջը թույլ չեն տալիս օգտվել հանրային տրանսպորտից։

Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը կազմում է 21.813.334 մարդ: Բնակչության 45%-ը կազմում են իսլամ դավանող, թյուրքալեզու ույգուրները, իսկ 40%-ը չինացիներ են: Չինական իշխանությունները մեղադրում են ույգուրներին ազգայնականության և անջատողականության մեջ:

Ույգուրները իրենց հերթին հայտարարում են, որ իշխանությունները սահմանափակում են իրենք ինքնավարությունը և ոտնահարում իրավունքները:
Ույգուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Համաշխարհային ույգուրական կոնգրես կազմակերպությունը: Այն ձևավորվել է 1992թ.-ին Ստամբուլում, սակայն այնուհետև Չինաստանի ճնշման հետևանքով կազմակերպության շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունհեն: Այս պահին կազմակերպությունը գլխավորում է Ռաբիա Կադիրը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2006թ.-ին:
«Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը, որի շատ անդամներ այս պահին գտնվում են Սիրիայում`իսլամիստական տարբեր խմբավորումներում, սպառնում են Չինաստանի կենտրոնական իշխանություններին ահաբեկչություններով։ Ույգուրական ծայրահեղականների հարձակման թիրախ են դառնում հիմնականում տեղի չինացիներն ու զինվորականներն ու ոստիկանները։

Պեկինը տարիներ շարունակ իրականացրել է Սինցզյանի ժողովրդագրական դեմքի փոփոխությանն ուղղած միջոցառումներ`տարբեր շրջաններից շինարարության, արդյունաբերության զարգացման պատրվակներով չինացիներ է բնակեցրել այդ շրջանում։ Թվաքանակի փոփոխությունը նպատակ ուներ թույլ չտալ ույգուրներին կոմպակտ բնակվել մի տարածաշրջանում ու առաջ քաշել անկախության պահանջներ։

Պեկինը պետք է հետագայում շատ զգույշ լինի, քանի որ ույգուրական խնդիրը կարող է օգտագործվել աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից`ԱՄՆ-ի, որոնք համաշխարհային ԶԼՄ-ների միջոցով կարող են «փոքր» հարցից` մեծ խնդիրներ առաջացնել ու Չինաստանին ներկայացնել, որպես իսլամաֆոբ, մահմեդականներին հետապնդող երկիր`մահմեդական, արաբական աշխարհում չինական բիզնեսին դուրս մղելու ու նրանց տեղն այդ «աղմուկի» ներքո գրավելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել