Tert.am-ը գրում է.
 Նախապես հայտարարվածի համաձայն՝ այսօր ԵԽԽՎ-ում գարնանային նստաշրջանի հայտարարված հանրային լսումներին մասնակցող, նոր սկանդալի կենտրոնում հայտնված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ ուրբաթ օրը հանդես կգա իր ապագայի մասին հայտարարությամբ։ ԵԽԽՎ քաղաքական կուլիսներում Ագրամունտի հայտարարությունը  մեկնաբանվում է հետևյալ կերպ. ուրբաթ օրը ԵԽԽՎ իսպանացի նախագահը կներկայացնի իր հրաժարականը:
 Այս մասին Tert.am –ին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ նույնպես չթաքցնելով, որ խոսքը հենց Ագրամունտի հրաժարականի մասին է:
 «Տպավորությունն այնպիսին է, որ ուրբաթ օրը Ագրամունտը կներկայացնի իր հրաժարականը, քանի որ կորցրել է իր վստահությունը ոչ միայն խմբակցության ներսում, այլև բոլոր քաղաքական ուժերի մոտ: Սա, ինչպես նաև այն, որ ԵԽԽՎ-ն ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում կայացրեց Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը, հուշում է այն մասին, որ ԵԽԽՎ-ում նկատվում է առողջացման գործընթաց»,– ասաց Ֆարմանյանը։
 Հիշեցնենք, որ հայտնի պրոադրբեջանական լոբբիստի համարում ունեցող Պեդրո Ագրամունտը սկանդալի կենտրոնում է հայտնվել մարտին՝ Սիրիա կատարած այցելության պատճառով. Պեդրո Ագրամունտը ռուսաստանցի պատգամավորների ուղեկցությամբ Մոսկվայից մեկնել էր Սիրիա, այցելել ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազա, որից հետո հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
 Հիշեցնենք, որ նաև ԵԽԽՎ պատգամավորները պարզաբանումներ, իսկ ոմանք նույնիսկ հրաժարական են պահանջում Ագրամունտից՝ պնդելով, որ Սիրիա այցելությամբ, եվրոպացի քաղաքական գործիչը լեգիտիմացնում է Կրեմլի գործողություններն այդ երկրում։
  Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ իր քաղաքական գործունեության ընթացքում տարբեր սկանդալների հերոս դարձած Ագրամունտը ստիպված եղավ ներողություն հայցել, նշելով, որ այցելությունը սխալ էր։
 «Այդ սխալը կայանում է նրանում, որ ես թերագնահատել եմ այցի շուրջ հնարավոր արձագանքը», - արդարացել է ԵԽԽՎ նախագահը, ապա ռուսական լրատվամիջոցներին մեղադրել է իր այցն իրենց նպատակներին ծառայեցնելու համար։
 Նշենք, որ քննարկմանը մասնակցել է նաև ԵԽԽՎ-ի «ALDE» խմբի ղեկավար Ժորդի Շուկլան, և երկուսն էլ հայտնի են որպես կարկառուն պրոադրբեջանական գործիչներ և անցնում են ԵԽԽՎ տարբեր բանաձևերի պատմություններով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել