Image result for мид рфՌԴ ԱԳՆ-ն բավական կոպիտ պատասխան է տվել ադրբեջանական haqqin.az կայքում ապրիլի 16-ին Էյնուլա Ֆաթուլաևի հեղինակած և հրապարակած «Բայց Ասկերովի համար Ադրբեջանի նախագահը խնդրել էր Ռուսաստանին» հոդվածին, որտեղ haqqin.az-ի գլխավոր խմբագիրը մեղադրել էր ՌԴ ԱԳՆ-ին, որ վերջինս մեծ ուշադրություն է դարձնում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և անտեսում է ՌԴ քաղաքացի, 2014 թ-ի հուլիսին Արցախում դիվերսիաներ և մարդասպանություններ կատարած ահաբեկիչ Դիլգամ Ասկերովի գործին: Հոդվածագիրը, ով համարվում է Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական մամլո խոսնակներից մեկը, բավական պարզ ակնարկում էր Լապշինի գինը: Այսինքն, եթե ՌԴ-ում ուզում են տեսնել Լապշինին ազատության մեջ, ապա Մոսկվան պետք է օգտագործի իր հնարավորությունները և ազատի ահաբեկիչ Ասկերովին արցախյան բանտից: Հոդվածից պարզ դարձավ նաև այս թատերական ներկայացման մեջ ներգրավված բոլոր դերակատարների՝ Բելառուսի, Իսրայելի, Ուկրաինայի դերերը, ինչպես նաև սցենարի հեղինակ Իլհամ բաբայի կողմից ՌԴ-ին վերագրված դերակատարությունը:
Ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և լրատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ա.Կոժինը բավական ոչ դիվանագիտական և կոպիտ պատասխանել է haqqin.az-ին և նրա հովանավորին՝ Իլհամ Ալիևին (հոդվածն՝ այստեղ):
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյան տեղեկացնում է ազերիական ԶԼՄ-ներին, որ նրանք պաշտպանում են իրենց բոլոր քաղաքացիների իրավունքները այլ երկրներում: «Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին այն շրջաններից է, որտեղ այցելելը խորհուրդ չի տրվում: Դրա վերաբերյալ առաջարկը տեղադրված է մեր նախարարության կայքի հյուպատոսական պորտալում: Միևնույն ժամանակ, մենք սկզբունքորեն դեմ ենք, որ այդ տարածքները այցելող անհատ քաղաքացիներին և լրագրողներին քրեական պատասխանատվության ենթարկեն»,-ասվում է Կոժինի պատասխանի նախաբանում:
«Ինչ վերաբերում է կոնկրետ Դիլգամ Ասկերովի գործին, ապա պետք է խոստովանենք, որ նա անտեսել է ԱԳՆ-ի այդ խորհուրը: Քանի որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարող վերահսկել իրենց քաղաքացիների շարժունակությունը երկրի տարածքից դուրս, այդ պատճառով մեզ համար այս պատմության մեջ կան «սպիտակ կետեր»: Այսպես՝ մենք հաստատ չգիտենք՝ արդյոք Բաքվում տեղյակ են եղել ՌԴ քաղաքացու՝ հակամարտության գոտի այցելելու մասին: Սակայն փաստն այն է, որ Դիլգամ Ասկերովին Լեռնային Ղարաբաղում ձերբակալելուց հետո հենց ադրբեջանական իշխանություններն են մեզ փոխանցել նրա ռուսաստանյան անձնագրի պատճենը: Նմանապես ես չեմ կարող հաստատ պնդել, որ Ասկերովին չեն խրախուսել, որ խախտի մեր ԱԳՆ-ի խորհուրդը: Այդ ինչպե՞ս նա կարողացավ անցնել շատ լավ պաշտպանված շփման գիծը»,- ասված է նամակի երկրորդ մասում: Այս մասում ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Բաքվին ՌԴ քաղաքացուն սեփական շահերի համար հանցանք գործելու դրդման մեջ: Պաշտոնական Մոսկվան ոչ միայն չի կասկածում դրանում, այլև մեղադրում է Ալիևի վարչակազմին հանցագործություն կատարած անձի ՌԴ քաղաքացիությունը միտումնավոր օգտագործելու համար, որ Բաքվի պատվերով հանցանք գործող ՌԴ քաղաքցու խնդիրները բարդվի Մոսկվայի վրա: Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզ հասկացրել է, որ առանց պաշտոնական Բաքվի օգնության Ասկերովը չէր կարող անցնել արցախա-ազերիական բանակների շփման գիծը: Այսինքն՝ ՌԴ քաղաքցի Ասկերովն ադրբեջանական գործակալ է՝ դիվերսանտ, ով Ալիևի պատվերով հանցագործություններ է գործել Արցախում: ՌԴ ԱԳՆ-ն իր այս պատասխանով հասկացրել է Ալիևին, որ իր խորամանկություններն իրեն պահի և չփորձի ուրիշի ձեռքերով, այսինքն՝ ՌԴ-ի, շագանակ հանել կրակից: ՌԴ իշխանությունները հասկացրել են ապշերոնյան պրիմիտիվ սուլթանին, որ նրա և իր մյուս գործընկերների ոչ պակաս վատ բեմադրված «Լապշինը՝ ձեզ, Ասկերովը՝ մեզ» տրագիկոմեդիան բացահայտված է: Կոժինի պատասխանից պարզ է դառնում, որ Մոսկվայում չեն կասկածում, որ Ասկերովը հանցագործ է, քանի որ այցելել է մի այնպիսի «տարածք»՝ Արցախ , որն Ասկերովի հայրենակիցների՝ ադրբեջանցիների կողմից դիտվում է որպես թշնամական:
Իսկ պատասխանի վերջում Կոժինը խորհուրդ է տալիս ալիևյան կայքին, որ եթե վերջինս իրականում անհանգստացած է Ասկերովի ճակատագրով, ապա պետք է վերջ տա այդ գործի շուրջ բարձրացված քարոզչական աղմուկին:
Այստեղ արդեն մենք՝ ՀՀ քաղաքացիներս, և սփյուռքահայությունը պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք Ասկերովի գործը, որ հանկարծ Մոսկվան չփորձի իր քաղաքացուն, ով Բաքվի պատվերով անչափահասի և կնոջ է սպանել Արցախ անօրինական մուտք գործելիս, հանկարծ չփորձի «մեղմացնել» դրա պատիծը:
Դե ի՞նչ: Ալիևը ստացավ այն պատասխանն, ինչը և սպասելի էր: Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ թե պատասխանեց, այլ անպատվեց haqqin.az-ին և նրա հովանավորին: Մոսկվայից Ալիևին հասկացրեցին, որ նա այն ստրատեգը չէ, ինչ ներկայանում է:
Գյումրեցիները այստեղ կասեին. «Եկել է սատանի մայլեն, քյանդրբազ է խաղում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել