Image may contain: 1 personՀիմքում իրական պատմություն է, անունները փոխված են

Մեր թաղում էր ապրում Խորենը` համեստության և բարության մարմնացում էր` բարձրահասակ , ժպտերես դեմքով։ Ամբողջ գյուղը հարգում և սիրում նրան , նա չափազանց քչախոս էր, պարփակված իր մտքերի մեջ , հարևաններին հասնող , օգնող ։ Հետաքրքիր հանելուկային կերպար էր ինձ համար։ Երբեք ոչ մի ծանոթի ուրախ արարողությունների չէր մասնակցում, նրան միայն մարդաշատ վայրերում թաղումներին կարող էիր տեսնել, այն էլ գերեզմանից անմիջապես վերադառնում էր տուն` առանց հոգեհանգստի սեղանին նստելու, ընկեր առհասարակ չուներ։
1989 թիվն էր, մեր թաղի Գևորգը թոռ էր ունեցել, բոլոր հարևաններին հրավիրել էր քեֆ անելու, մեծ սեղան էր գցել , թաղի տղաներից ամենաճարպիկին խնդրեց , որ գնա աղբար Խորենին համոզի բերի իրենց տուն` հորդորելով , որ առանց Խորենի չվերադառնա։ Գոռիկի մոտ ստացվել էր խաբել, իբր Գևորգի տանը շտապ գործ կա, նրա օգնությունն է անհրաժեշտ։ Խորենը հապշտապ պիջակը վերցնելով արագաքայլ գնաց Գևորգի տուն։
Դուռը բացելով անակնկալի եկավ , Գևորգը մոտեցավ ձեռքից բռնեց` հորդորելով , որ չի թողնի ,եթե հետները սեղան չնստի։ Խորենը կամուկացի մեջ էր, այլայլվել էր, չգիտեր ինչ անել։ Զգալով ,որ Գևորգը մարտական է տրամադրված ,նահանջելու տեղ չունի , մոտեցավ սեղանին։ Մի քանի շնորհավորական կենացից հետո, Գևորգը վերցրեց բաժակն ու առաջարկեց խմել Խորենի կենացը , ավելացնելով`
- Խորեն ջան , գիտես թե ամբողջ գյուղով ինչքան ենք քեզ սիրում և հարգում, մենք գիտենք , թե ինչու ես մեզանից խույս տալիս , գիտենք ,որ մինչև հիմա վախենում ես որևէ մեկիս հետ մոտիկություն անելով վնաս հասցնես, դարձնես КГБ ի թիրախ, բայց իմացի , այնտեղ էլ են հասկանում , դու ինչի ես այդ քայլին գնացել ու ում համար։ Մենք համոզված ենք , որ եղբորդ տեսնելու ես, ինչ տառապանք էլ տեսել ես այսքան տարի թող ապաշխարանք լինի քեզ։ Կենացդ եղբայր , մի մեկուսացի, ու մեզ համար մի վախեցիր, մենք բոլորս մի ընտանիք ենք։
Խորենը գլուխը կախեց ,ոչինչ չխոսեց , որին հետևեց սեղանակիցներից մեկի հարցը.
- Խորեն քանի՞ տարի չես տեսել եղբորդ։
- 1946 թվից` Քառասուներեք տարի երեք ամիս տաս օր արդեն։
-Խորեն որ հիմա տեսնես կճանաչե՞ս։
-Հա ո՞նց չէ,-նեղանալով պատասխանեց ու ծոցագրպանից հանեց եղբոր նկարը , պարզելով Պետրոսին,-տես ինչքան նման ենք իրար, համարյա ամեն օր հանում եմ նկարը նայում նրան, մեկ մեկ խոսում նկարի հետ, պատմում նրան որոշ բաներ. միակ միջոցն է կարոտս առնելու ու միակ հույսս նրան գտնելու։
- Խորեն հաստատ կգտնես նրան ,չմտածես մի լույս ու ճար լինելու է։
-Տղերք ինչքան մեծանում եմ , էնքան վախենում եմ , էդ միտքն արդեն ինձ հանգիստ չի տալիս , ահավոր բան է երբ զգում ես անելանելի վիճակդ ,սեփական անկարողությունդ,- գլուխը կախելով սկսեց շոյել նկարը։
Կես ժամ նստելուց հետո , վեր կացավ ,բոլորիս հաջողություն մաղթեց,հեռացավ։
Հեռանալուց հետո հետաքրքասերների բանակով հարձակվեցինք Գևորգ պապի վրա։ Մոտ մեկ ժամ Խորենի կյանքից պատմեց։
Ծնողները եղեռնի զոհ էին դարձել , երկու որբ եղբորը հորեղբայրը տեղափոխում է Լիբանան, մեծանալով ,որոշում են հայրենադարձվել Հայաստան։ Մեծ եղբայրը` Խորենն համոզում է ,որ առաջինն ինքը գնա , բնակարանի, ապրելու հարց լուծի , որ եղբորը կանչի։ 1946 թվականին գալիս է և մի քանի ամիս անց սահմանը փակում են։ Դիմում է գրում բոլոր պատկան մարմիններին , որ եղբորը թողնեն , ապարդյուն։ Տեսնելով , որ ոչինչ չի օգնում որոշում է ինքը վերադառնալ եղբոր մոտ, սակայն կրկին ոչինչ չի ստացվում։ Մի քանի տարվա մեջ ինքնաշեն ինքնաթիռ է պատրաստում և փորձում այդպես սահմանն անցնել (ավագ սերնդի մարդիկ կհիշեն այդ ինքնաթիռի պատմությունը)։ Սակայն սահմանի վրա խոցում են ինքնաթիռը ,նա հրաշքով փրկվում է և անօրինական սահմանը խախտելու համար ազատազրկվում է տաս տարով։
Պատիժը կրելու տարիներին բերում են հարկադիր աշխատանքի , իսկ ժամկետը լրանալուց հետո , վերջնական բնակություն է հաստատում մեր փոքրիկ գյուղում։
1990 թվականից սկսվեցին շարժման տարիները` անկախություն, հոգսեր ,պատերազմ , բոլորիս ուշադրությունը կենտրոնացված էր դեպի Արցախի սահմաններ, մոռացել էինք նույնիսկ Խորենի ու եղբոր մասին ։
1992 թվականին մի անծանոթ մեքենա կանգնեց մեր թաղում , դուռը դանդաղ բացելով , դժվարությամբ ճերմակ մազերով, բարձրահասակ , տարեց մարդ իջավ և թաղի տղաներից մեկին մոտենալով արևմտահայերեն լեզվով`
-Դղաս , դուն հո՞ս գաբրիս , եթե այո , մեկին ասեմ գճանչնա՞ս։
Այդ պահին Գոռիկը փայլող աչքերով`
- Հորոխպեր ջան, ասա, որ Խորենին ես ուզում, տենց ասա էլի ։
- Այո դղաս , դուն կճանչնա՞ս եղբորս
-Հա բա ի՞նչ եմ անում, շուտ նստի մեքենան ,գնացինք։
Ամբողջ թաղի երեխաներով վազեցինք մեքենայի հետևից, լուրը կայծակնային ձևով տարածվեց, երեկոյան ամբողջ գյուղն էր արդեն Խորենենց բակում` տեսնելու գամար նրա եղբորը, ինչու չէ տեսնելու նաև երջանկացած Խորենին։ Ես կյանքում էլ նման տեսարանի ականատես չեմ եղել, Խորենն ու Ափոն քառասունինը տարի անց վերջապես հանդիպեցին։
Անկախության պտուղները մեր թաղում առաջինը Խորենը վայելեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել