Image result for 1915 armenian genocideՕրվա կապակցությամբ թուրքերի թեմայով Հայաստանում տարածված մի քանի միֆերի անդրադառնամ։

1. Թուրքերի հետ լավ հարաբերություններ է պետք կառուցել, անցյալը հիշել, բայց ապագայի համար հարաբերություններ հաստատել է պետք։

Տեսականորեն հիանալի ու ականջի համար շատ հաճելի է հնչում, բայց մի փոքր բայց կա. իսկ թուրքերին հարցրե՞լ եք, թե իրենք ինչ են ուզում։ Լավ հարաբերություններ ու ապագա կառուցելը միակողմանի պրոցես չէ, մոռանալ պետք չէ, մեկի ուզելով բան դուրս չի գա։ Իսկ նայելով թուրքիայի քաղաքականությանը՝ Ադրբեջանին զինելու ու հայկականի նկատմամբ վերաբերմունքի ու դիրքորոշման տեսանկյունից, արդեն տրամաբանությունը հուշում է, որ բարեկամության ուղղությամբ չեն գնում։ Էնպես որ, երկու կողմերի մասին որոշումներ կայացնելուց առաջ իրականությանը վերևից է պետք նայել։

2. Ցեղասպանությունն անցյալ է, որը պետք է հիշենք։

Չէ, ընկերներ, Ցեղասպանությունն անցյալ չէ։ Ցեղասպանության գաղափարախոսությունը շարունակվում է մինչև հիմա և արտահայտվում է Ադրբեջանի կողմից հայկականությունը ոչնչացնելուն միտված ռազմավարությամբ, տնտեսական ու մշակութային քաղաքականությամբ և այլն։ Էնպես որ, Ցեղասպանական քաղաքականությունն ու գաղափարախոսությունը չի ավարտվել, ուղղակի ժամանակավոր դրսևորումներն են փոխվել։

3. Չենք կարող միշտ կոնֆլիկտի մեջ մնալ, պետք է վերջը բոլոր հարցերը լուծենք։

Էս կետի հետ կապված՝ մի հատ նորից կարելի է 1-ին կետը նայել, հետո շարունակենք էսպես՝ հայ-թուրքական կոնֆլիկտն էթնիկ կոնֆլիկտ է, կոնֆլիկտաբանության դասագրքերում որ նայենք, ամբողջությամբ պարզ կլինի, թե ինչի հետ գործ ունենք։ Իսկ էթնիկ կոնֆլիկտներն արտահայտվում են մշակութային, կրոնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում և կարող են հարյուրամյակներով շարունակվել, մինչև որ կողմերից մեկը կոչնչանա։ Նայելով մեր դեմոգրաֆիային ու տարածքներին՝ թուրքերի մեր տարածաշրջան գալուց հետո առայժմ ոչնչացող կողմը մենք ենք։ Էնպես որ, պետք է ուղղակի պարզ նայել իրականությանն ու ըստ դրա ամեն ինչ ծրագրավորել. հայ-թուրքական կոնֆլիկտը չի ավարտվելու։ Ի դեպ՝ ես, թուրք ասելով, նաև նկատի ունեմ կովկասյան թաթարներին, Ադրբեջանին։

Ցեղասպանության թեմայով մեզանում տարածված էլի շատ կեղծ թեզեր կան, բայց իմ կարծիքով՝ ամենատարածվածները վերոնշյալներն են։ Այլ առիթներով փորձեմ մյուսներին էլ անդրադառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել