Ժամեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ մեծանուն հայ Քըրք Քրքորյանի նախաձեռնած, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ ցուցադրությունը, որին ներկա է եղել նաև BlogNews.am:

Նախքան ֆլիմի դիտումը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որից հետո «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը պատմեց ֆիլմի՝ հայկական կինովարձույթում հայտնվելու և հայերեն կրկնօրինակման պատմությունը.

«Երբ «Շարմ Հոլդինգ» ընկերությունը ձեռք բերեց Հայաստանում ֆիլմի ցուցադրության իրավունքը, մենք շատ սեղմ ժամկետներում նախաձեռնեցինք և ֆիլմն ամբողջովին կրկնօրինակեցինք հայերեն լեզվով, որովհետև շատ կարևոր էր, որ հայերի մասին ֆիլմը Հայաստանում հայերը դիտեն հայերենով»: Հիշեցնենք, որ Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը: «Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարվել է ֆիլմի հայերեն լիարժեք կրկնօրինակում` մեկ կերպար-մեկ ձայն սկզբունքով:

 

«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Միքայելը, ով հայրենի Սիրունից Կոստանդնուպոլիս է տեղափոխվում բժշկական բուհում սովորելու համար, ծանոթանում ու սիրահարվում է  նկարչուհի Աննային: Նրանց սիրո պատմությունը ծավալվում է Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունների ֆոնին: Միքայելն ու Աննան միմյանց խոստանում են ապրել. հենց դա էլ կլինի լավագույն վրեժն իրենց բնաջնջել ցանկացողներից: «Սա ֆիլմ է ոչ թե հայերին ցեղասպանելու մասին, այլ մի ողջ կայսրության՝ այդ նպատակն իրագործելու անկարողության մասին, որովհետև հայը չբնաջնջվեց: Հայն այսօր կա, ու նա հզոր է,- նշում է Կարեն Ղազարյանն ու հավելում,- այս ֆիլմն աշխարհին ցույց կտա ոչ թե ցեղասպանված ու խեղճացած, այլ այն հային, ով մաքառեց, պայքարեց իր մի կտոր հողի համար, աշխարհում իր հայ լինելու համար, իր ապրելու իրավունքի համար: Սա շատ կարևոր է սերունդների համար՝ տեղի ունեցածը ճիշտ ընկալելու և դրան համապատասխան գնահատական տալու համար: Այո, հայն այսօր ոչ թե ողբացող ու տանջված է, այլ ուժեղ ու պահանջատեր»:

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Սցենարի հեղինակը Ռոբին Սվայկորդն է: Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական «Սարի սիրուն յար» երգի ժամանակակից ներկայացմանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

Ֆիլմի հայերեն կրկնօրինակումն իրականացրած հայ դերասանները ևս ներկա էին փակ դիտմանը: Բացի ֆիլմի բուն ուղերձից՝ դերասանուհի Սիրանուշ Լազյանի համար «Խոստումը» ֆիլմում ևս մեկ շատ կարևոր գիծ կա. «Սերը, որը, ինչպես միշտ, հաղթում է: Սերն ամեն պարագայում է փրկում, և եթե մի կողմ դնենք ֆիլմի հիմքը կազմող պատերազմական գործողություններն ու Ցեղասպանությունը, ապա կտեսնենք, որ հենց սերը մարդկանց ստիպեց վերապրել»:

«Գեղեցիկ համադրություն կար այդ ամենի մեջ, այդ սարսափելի ու վատ աուրայի մեջ լուսավոր մի կետ կար, որը հենց սերն է: Գեղեցիկ մարդկային հարաբերություններ, մարդկայնության հրաշալի օրինակներ: Այս ամենը օգնում է ֆիլմի ընթացքին հետևել այլ աչքերով: Այո՛, ֆիլմի հիմքում Հայոց ցեղասպանությունն է, բայց սա նաև գեղեցիկ մի պատմություն է սիրո, նվիրվածության, հավատարմության, մարդկային մաքուր ու ազնիվ հարաբերությունների մասին»,- նշում է դերասան Սամվել Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը հայկական կինովարձույթում կլինի ապրիլի 27-ից:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել