Panarmenian.net-ը գրում է.
 Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմը դեռ մինչև մեծ էկրաններ բարձրանալը դարձավ քաղաքական շահարկումների ու սկանդալի առարկա։ Հարևան Թուրքիայից և Ադրբեջանից, առանց ֆիլմը դիտելու, օգտատերերը մասսայաբար մտնում էին կինեմատոգրաֆիական խոշորագույն ռեսուրսի՝ IMDb-ի կայքն ու նվազագույն գնահատականներ դնում։ Ֆիլմի գնահատականի զրոյացումից ու «վատագույն ֆիլմերի» շարքում հայտնվելուց խուսափելու համար հայերը, ևս մասսայաբար ու կրկին առանց ֆիլմին ծանոթ լինելու, նույն կայքում առավելագույն գնահատական էին դնում։ Արդյունքում, ֆիլմի մասին սկսեցին խոսել դեռ մինչև կինոթատրոն մտնելը, իսկ գեղարվեստական ստեղծագործությունը վերածվեց զուտ քաղաքական «հրաձգության» կենտրոնի։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանումն ու ցեղասպանությունը ֆիլմում ներկայացված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի աչքերով։ Ցեղասպանության ֆոնին է ծավալվում նաև Միքայելի և նկարչուհի Աննայի սիրո պատմությունը։

Թերի Ջորջը հոլիվուդում հայտնի է, որպես բավականին «մաքրասեր» կինոարհեստավոր, ում ֆիլմերում արվեստն ու ինքնուրույնությունը գրեթե բացակայում են, սակայն լավ դրամատուրգիայի առկայության դեպքում նա, օգտվելով ողջ դասական գործիքակազմից, կարող է բավականին համոզիչ կինոկտավ ստեղծել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2004-ին նկարահանված «Հոթել «Ռուանդա» դրամային, որը պատմում է 90-ականներին Ռուանդայում թութսիէթնիկ խմբի ցեղասպանության մասին։ Անգամ բավականին «մեղմ» ռեյթինգի առկայության պարագայում Ջորջին այն ժամանակ հաջողվել էր ստեղծել սասփենսով ու ցեղասպանության ողջ սարսափով լի ազդեցիկ մի կտավ՝ արժանանալով երեք անվանակարգի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։ «Խոստումը», սակայն, ռեժիսորին չէր տվել փայլուն դրամատուրգիական հիմք՝ աշխատելու համար․ այստեղ գրեթե չկա վերահաս վտանգի, օդում առկա լարվածության զգացումը, որ մշտապես կար «Ռուանդայում»։

Կինոդիտողը ծանոթանում է իրադարձություններին երիտասարդ դեղագործ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք) աչքերով․ բավականին անհարթ ու, երբեմն, անտրամաբանական մոտիվացիայով օժտված կենտրոնական կերպար, ում տաղանդավոր դերասան Այզեքը մարմնավորում է նույնքան երկչոտ խաղով՝ հազվադեպ փայլատակումներով այն պահին, երբ նա, կարծես, վերջապես հիշում է, որ ֆիլմում է նկարահանվում։ Առավել «հում» է նրա էկրանային զույգի՝ Շարլոթ Լե Բոնի պարտիան (նա մարմնավորում է նկարչուհի Աննա Քեսարյանին), ով, բացի մի քանի կիսատ ու պաթետիկ ռեպլիկներից, կարծես ոչինչ այլևս չունի ցուցադրելու։ Դերասանական այս ողջ կենտրոնական տանդեմի անգույն ու սրանկյուն խաղը փոքր-ինչ «հարթեցվում», «կլորանում» ու տեսք է ստանում միայն Քրիսթիան Բեյլի շնորհիվ (ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի դերում), ում մասնակցությամբ դրվագներն են, որ փրկում են ֆիլմը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել