Դառնալով ԵԽԽՎ նախագահ՝ Ագրամունտը չի թաքցնում, որ բավական թանկարժեք պատվեր ունի Մոսկվայից՝ հետ վերադարձնել ՌԴ պատվիրակությանը ԵԽԽՎ։ Իսկ վերջերս էլ ռուսաստանցիների հետ Սիրիա մեկնելու և նախագահ Ասադի հետ հանդիպելու տեղեկությունը բացահայտվելուց հետո Ագրամունտն, ավելի լավ բան չհնարելով, ասել է, որ ինքը սխալ է կատարել, որ մեկնել է Սիրիա, և որ նրան ռուսները խաբել են և տարել են Ասադի հետ հանդիպման։ Նշեմ, որ հենց այս փաստն է իրարանցման և Ագրամունտի փախուստի պատճառ դարձել։
Ինձ հետաքրքրում է հայկական պատվիրակության դիրքորոշումն Ագրամունտի՝ ԵԽԽՎ նախագահ մնալու վերաբերյալ։ Համոզված եմ, որ Մոսկվայից զանգեր կլինեն, որոնց հեղինակները կփորձեն համոզել մեր իշխանություններին չեզոք դիրք գրավել վաղը ԵԽԽՎ-ում տեղի ունենալիք քննարկումների ժամանակ։ Հայաստանը ՊԵՏՔ է մերժի Մոսկվայի այդ խնդրանքը, քանի որ այն հակասում է մեր ազգային ՇԱՀԵՐԻՆ։ Ագրամունտը հայերի և Հայաստանի ԹՇՆԱՄԻՆ է։
Ընդհակառակը, հայկական պատվիրակությունը պետք է շատ մեծ ակտիվություն դրսևորի և ևս մեկ անգամ բացահայտի Ագրամունտի իրական ՈՎ լինելը։ Մեր պատգամավորները նաև պետք է ակտիվ համագործակցեն Ուկրաինայի պատվիրակներ Գոնչարենկոյի, Բերյոզայի, Եմեցի, Գերաշչենկոյի և այլ երկրների պատգամավորների հետ։ Մենք պետք է առաջնորդվենք «Չկան մշտական բարեկամներ, այլ կան մշտական շահեր» կարգախոսով և այս հարցում ակտիվ համագործակցենք հակաագրամունտյան դիրքորոշում ունեցող բոլոր պատգամավորների հետ, քանի որ Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց կողմից գնված երեսփոխանները ևս ակտիվ են լինելու՝ պաշտպանելով իրենց «համադասարանցուն»։ Մոսկվան մեր բարեկամն է, սակայն մեր շահերից է տեսնել նույն Բաքվի և, ինչպես արդեն նաև պարզ է, Մոսկվայի կողմից կաշառված Ագրամունտի գահընկեց լինելը։
Սպասում ենք վաղվան։
Հ.Գ. Այս պահի դրությամբ, չնայած Ագրամունտը հայտարարել է, որ ինքնակամ հրաժարական չի տալու, դեռ փախած է։ ԵԽԽՎ-ում ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն իր facebook-յան էջում գրառում է կատարել և տեղեկացնում է, որ ԵԽԽՎ-ն ընդմիջումից հետո շարունակում է իր աշխատանքները, իսկ նիստերը վարում է բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1338605762890036
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել